Ամբողջությամբ լուսավորվել է ևս մեկ գյուղ

Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի շուրջ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում։ Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով ամբողջ գյուղը՝ ավելի քան 2 կմ տարածություն:
Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ բնակիչները:

«Տեւական ժամանակ՝ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ ե՛ւ սահմանապահ, ե՛ւ հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որում՝ էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր: Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է եւ կարեւոր լուծում է ոչ միայն տվյալ գյուղի, համայնքի, այլեւ լայն առումով՝ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսության զարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարեւոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող են լինել նաեւ էներգիայի խնայողությունն ու ֆինանսների տնտեսումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները եւ աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ եւ այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարեւոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլեւ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից: Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Մեկնաբանություն
X