Ինչի՞ց են ոգևորվել

Իրանի ԱԳ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո ասել է, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող կոմունիկացիոն միջանցքի իրականացման համար պետք է համագործակցեն Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: Մի քանի օր է, ինչ այս թեման մամուլի եւ վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է: Կարելի է ասել, բոլորը ոգեւորված են, ամենատարբեր ենթադրություններ են արվում՝ աշխարհաքաղաքականից մինչեւ հայ-իրանական հարաբերությունների մակարդակի: Գրեթե անտեսվում է, սակայն, թե ինչպես կարող են որեւէ ծրագրի շրջանակներում համագործակցել Հայաստանը եւ Ադրբեջանը, երբ վերջինս տասնամյակներ ի վեր թե Իրանին, թե Վրաստանին միջնորդում է միանալ Հայաստանի շրջափակմանը: Ճիշտ է, Իրանը եւ Վրաստանը չեն ենթարկվում Ադրբեջանի հորդորներին: Բայց եթե Իրանի արտգործնախարարը խոսում է մի նախագծի մասին, որին պետք է մասնակցեն Ադրբեջանը եւ Հայաստանը, ուրեմն խոսքը վերաբերում է տարածաշրջանային ինչ-որ «մեծ ճեղքմանը»:

Այս իմաստով որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս Աբխազիայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում Մոսկվան եւ Սուխումին առարկություններ չունեն, խնդիրն այլ երկրների դիրքորոշման մեջ է: Այսինքն, եթե Վրաստանը համաձայնի, ապա աբխազական երկաթուղին կարող է գործել, եւ Հայաստանը կունենա Ռուսաստանի հետ ցամաքային հուսալի կապ: Տպավորություն է, որ Լավրովը Սուխումի էր ուղեւորվել, որպեսզի հատկապես այդ հայտարարությունն անի, եթե նկատի ենք ունենում, որ նրա աբխազական այցը հաջորդեց Իրանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այսպիսով, աբխազական երկաթուղու վերագործարկման եւ Իրան-Հայաստան-Վրաստան երթուղով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի գործնականացման հավանականությունը նույնական է: Կամ, ավելի ճիշտ՝ եթե դրանցից մեկը դառնում է իրականություն, մյուսը կորցնում է հրատապությունը: Համենայնդեպս՝ Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ, ինչպես ասվեց, աբխազական երկաթուղին կարող է վերագործարկվել միայն Վրաստանի համաձայնության դեպքում: Իսկ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծումն էլ Իրանը կապում է Հայաստանի եւ Ադրբեջանի համագործակցության հետ: Սա, ինչ խոսք, դիվանագիտական ձեւակերպում է: Գործնականում նախագծի առարկայացումը կախված է Ադրբեջանի կամեցողությունից: Քանի որ, ըստ էության, իրանական կողմի ակնարկը վերաբերում է Ջուլֆա-Երեւան երկաթգծի վերականգնման շուրջ Իրան-Ադրբեջան-Հայաստան հնարավոր պայմանավորվածությանը: Իսկ հեռանկարում Իրանը մտադիր է Ջուլֆա-Երեւան-Գյումրի-Կարս գծով միանալ Թուրքիայի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ դուրս գալու Միջերկրական ծովի նավահանգիստներ:

Այսպիսով՝ աբխազական երկաթուղու վերագործարկման ռուսական նախաձեռնությունը դառնում է Պարսից ծոց-Սեւ ծով իրանական տրանսպորտային նախագծի այլընտրանք: Ըստ էության, ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստա՞նը կհամոզի Վրաստանին, թե՞ Իրանը՝ Ադրբեջանին: Նման դեպքերում հիմնական խաղացող կողմերն առհասարակ նախընտրում են պայմանավորվածությունների գալ սեփական շահերի գերակայությամբ: Այսինքն՝ բացառված չէ, որ «խայծ նետելով»՝ իրականում Ռուսաստանը եւ Իրանը հետապնդում են մի նպատակ՝ Հարավային Կովկասի կոմունիկացիոն հնարավորությունների վրա «հիսուն-հիսուն» ազդեցություն հաստատել: Իսկ մնացածը միայն դիվանագիտական խոսքի «թեփ» է: Այնպես որ, ինչպես երեւում է, մեծ ոգեւորության համար բավական վաղ է: Թեեւ անոնսավորված է Վրաստանի վարչապետի այցը Թեհրան: Եվ եթե արդյունքում ինչ-որ գործնական համաձայնություններ ձեռք բերվեն, եւ դրան հետեւի Իրան-Ադրբեջան բանակցությունների նոր փուլ, ապա, գուցե, հնարավոր լինի զգուշորեն ենթադրել, որ Թեհրանին հաջողվել է Բաքվին ինչ-որ հարցում բերել համաձայնության դաշտ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X