Ցանկացած մարդ կարող է իր բիզնեսը դնել, հիմա որ հատվածում կդնի, ինչ կանի, դա իր գործն է․ «Փեթակի» սեփականատեր

«Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գրիգորյանը համոզված է, որ այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող մարդկանց մեջ իր տոնավաճառի աշխատակիցներից չկան։

«Ես, ճիշտն ասած, տեղյակ չէի, հենց հիմա ճշտել եմ «Փեթակի» տնօրենի հետ, «Փեթակը» բնականոն իր հունով աշխատում է, «Փեթակից» մարդ չկա այնտեղ։ Այնտեղ ասում են ինչ-որ «Սուրմալուի» և «Առինջ մոլի» աշխատակիցներն են»․- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը։ Մեր այն պնդմանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը ներկայանում են որպես «Փեթակի» աշխատակիցներ, Վարուժան Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք ինքներդ կարող եք գնալ «Փեթակ», նայել տեսնել՝ «Փեթակում» մարդ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»։ Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները Վարուժան Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել, ինչ մնում է «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցների բողոքներին, Վարուժան Գրիգորյանը պատասխանեց․ «Տոնավաճառ է, ստեղծման օրվանից տրված է կառավարման, ընդհանրապես մեզ որևէ հարցերով չեն դիմում, այնտեղ կա կառավարիչ։ Այլ հարցերի հետ կապված տեղեկություն չունեմ»։

Պարոն Գրիգորյան, հարկային մարմինների այս ակտիվացումը կապում են վարչապետ Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոնի հետ՝ «Փեթակի» հարևանությամբ, առևտրականների բողոքի այս ալիքն էլ ուղղորդված գործողություններ «Ճիշտն ասած, ինչ-որ անուններ եք տալիս, անկեղծորեն տեղյակ չեմ՝ ով է սարքում, ինչ է անում։ Դատարկախոսություններ են ընդամենը, ով ինչ ուզում ասում է։ Ցանկացած մարդ կարող է իր բիզնեսը դնել, հիմա որ հատվածում կդնի, ինչ կանի, դա իր գործն է։ Ի՞նչ է նշանակում կխանգարի, այսինքն՝ Երևանում Պրոսպեկտի վրա մեկը խանութ է բացում, կողքը խանութ են բացում, պիտի ասեն խանգարո՞ւմ է»։

Տեղեկացնենք, որ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները բողոքում են հարկայինի դեմ՝ պահանջելով իրենց հանգիստ թողնել, քանի որ ավելորդ գումարներ չունեն, որպեսզի փաստաթղթեր ձեռք բերեն, հաշվապահներ վարձեն։ Նրանց խնդիրն այն է, որ տոնավաճառներում սկսել են ստուգումներ իրականացնել։ Պետական եկամուտների կոմիտեն էլ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, դիրքորոշում հայտնելով, որ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող առևտրականների բողոքն ուղղորդված է։

Մեկնաբանություն
X