Քաղաքի՛ քաղաքապետը

Գուցե Երեւան քաղաքի քաղաքապետն ավելին պիտի իմանա իր ղեկավարած քաղաքի մասին, քան շարքային քաղաքացին, որի համար հարազատ քաղաքը պիտի դառնա այն հարմարավետ, հաճելի ու դյուրամոտ վայրը, այն հոգետունը, ուր ապրելը պատվաբեր է եւ անչափ ցանկալի։

Մինչ հիմա Երեւանի քաղաքապետի, այսպես ասած՝ կուսակցությունը քաղաքը չի եղել, նաեւ քաղաքի հոգսերը, ծագած հիմնախնդիրներն ու հույժ կարեւոր առիթները գլխավոր թիրախ չեն դարձել։ Քաղաքագլուխը պարզապես եղել է իշխանական ռեսուրսի, կառավարման համակարգի ոլորտների տնօրինումն ապահովող կարեւորագույն օղակ, ով երբեւէ չի եկել, կոչված չի եղել վերակերտելու մի նոր, ուրույն միջավայր, որ կվերաբերեր հենց քաղաքին, քաղաքաբնակների կենցաղավարությանն ու կյանքի բնականոն ընթացքի կազմակերպմանը։

Մինչ հիմա Երեւանը ծառայեցվել ու ծառայել է իշխանական վերնախավին եւ ուրիշ ոչինչ։ Քաղաքի ռեսուրսների, ճարտարապետության, համայնապատկերի հաշվին տասնյակ մարդիկ հարստացել են, զարգացրել իրենց բիզնեսները՝ ուղղակիորեն գրավելով բակերն ու փողոցները, թաղերն ու արվարձանները, ամայացնելով պուրակներն ու կանաչ տարածությունները, փոշիացնելով ու վատնելով Խորհրդային Հայաստանից ակնթարթում ժառանգած կառույցներն ու հանրային գոտիները։ Անգամ շատ քիչ ընդարձակ մայթեր են մնացել, որոնցով կարելի է կողք կողքի քայլել եւ մարդկայնորեն խոսքուզրույցի բռնվել։ Հարյուրավոր շենքերի սերտաճած, կցկցված տարատեսակ, անճոռնի շինություններն ու օբյեկտները մեզ պարզապես մայթերից փողոցներ են շպրտել, արտաքսել մեր բնակավայրերից։

Այն, ինչ կատարվել է եւ շարունակում է կատարվել Երեւանի հետ, բնորոշ է միայն քաոսին։ Ոչ մի կերպ չի ստացվում վերջապես ըմբռնել, որսալ, թե մեր քաղաքն այսօրինակ տեսքով եւ կեցությամբ դեպի ուր է շարժում, ո՞ւնի արդյոք հստակ նպատակադրություններ, քաղաքաշինական նոր գաղափարներ, թե՞ սա մի վայր է, որը մինչեւ վերջ շահագործվելու է, մինչեւ վերջ ծառայելու է քրեաօլիգարխիկ վերնախավի հաճությանը։
Այս պահի դրությամբ Երեւան քաղաքը կարիք ունի մի այնպիսի քաղաքապետի, ով ունակ է պայքարել տարասեռ չինովնիկների անհագ ցանկությունների դեմ, ով ունակ է վերջնականապես կարգավորել քաղաքային տրանսպորտի, էկոլոգիայի օրակարգային հարցերը։ Ուշ թե շուտ, եթե չվերականգնվեն կանաչ գոտիները, լքված ու փլուզված հանրային պուրակները, մենք ունենալու ենք կիսանապատային, հետամնաց ու գարշադեմ մի քաղաք, որտեղ ոտք դնելով՝ մարդիկ շտապում են անհապաղ հեռանալ։ Թերեւս վաղուց մենք չենք տեսել մի քաղաքապետի, որի համար այդ աթոռը աթոռից ավելին լիներ, քաղաքի հոգսը՝ համահավասարազոր սեփական հոգսին, մի քաղաքապետի, որի տունը հենց Երեւանն է։

Արամ ՊԱՉՅԱՆ

Մեկնաբանություն
X