Թեկուզև փրկության արահետ

Ճշմարիտ է ասված՝ փրկվում է նա, ով բռնում է ճշմարտության ուղին։ Իսկ ինչպիսի՞ն է մեր ըմբռնումը ճշմարտության մասին։ Դա արդեն պայմանավորված է յուրաքանչյուրիս հոգեկերտվածքով։ Այս առումով ուզում եմ արձագանքել «Հրապարակ» թերթում Հովհաննես Կարապետյանի «Թոհուբոհն ավարտվեց, ի՞նչ մնաց տակը» օրերս տպագրված հոդվածին եւ համաձայնել, որ մեր ներքին ներդաշնակությունը կյանքին, հասարակության հետ կլինի անհամատեղելի, եթե անհրաժեշտ մակարդակի վրա չեն ուսումն ու կրթությունը։ Բոլոր ոլորտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները, իրապես զերծ պիտի մնան քաղաքականությունից, նրանց կոչումը բազմակողմանի զարգացած մարդ կրթել-դաստիարակելն է։ Այդ խնդրին պիտի որ ծառայեն ամենքը, ամեն ինչ։ Հասարակական վայրերում, այգիներում իսկապես հաճելի կլինի լսել Կոմիտաս, Խաչատրյան, Մանսուրյան, Բաբաջանյան...

Հարկավոր է, որ նրանց եւ մեր մյուս մեծերի ստեղծագործությունները փոխարինելու գան երթուղային տաքսիներում, ձայներիզների վաճառքի բազմատեսակ կետերում ամբողջ օրն ականջ սղոցող կլկլոցներին։ Դժվա՞ր է։ Ամենեւին։ Մի բան, որ ամենափոքր ներդրումն իսկ չի պահանջում։
Թող որ սա թեկուզեւ չլինի ճանապարհ, ապա գոնե՝ արահետ։ Արահետ, որ ժամանակի հետ, անշուշտ, կընդլայնի իր սահմանները...

Ստեփան ԱՅՎԱԶՅԱՆ

Մեկնաբանություն
X