Արեւի քաղաքին՝ մարդկային ջերմություն (լուսանկարներ)

>

Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական իր քարոզարշավը «Երկիր ծիրանի» կուսակցությունը սկսեց Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված հեծանվաերթով։ Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ Երեւանում խոշոր մեքենաներով երթեւեկելու փոխարեն արժե ընտրել հեծանիվները։ Իսկ կուսակցությունն իր նախընտրական կարգախոսն է ընտրել «Արեւի քաղաքին՝ մարդկային ջերմություն»-ը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Երեւանում շատ են սոցիալական խնդիրները, իսկ դրանք լուծելու համար պահանջվում է բյուջետային եւ հարկային քաղաքականության փոփոխություն։

Նա անդրադարձավ նաեւ տրանսպորտային խնդիրներին՝ նշելով, որ խցանումները խոչընդոտում են երթեւեկությանը։ Հիշեց նաեւ Երեւանի արվարձանները, որոնք ուշադրության եւ բարելավման կարիք ունեն։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետք է մայրաքաղաքի կենտրոնում արգելվի շինարարությունը, փոխարենը խթանվի արվարձաններում շինարարությունը։
Եթե Երեւանի ավագանիում «Երկիր ծիրանին» ընտրությունների արդյունքում կազմի մեծամասնություն, ապա նրա առաջին քայլն է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը։
Աղբահանության խնդիրն էլ Զարուհի Փոստանջյանը համարեց բազմաշերտ։
«Աղբի միջոցով կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա, աշխատատեղեր, եկամուտներ։ Սրանք պետք է դիտարկել մեկ շղթայի մեջ։ Աղբը երբ տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր, հետո պետք է վերամշակվի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։ Նա կոռուպցիա է հայտնաբերել ասֆալտապատման աշխատանքներում։

Լրագրողները նկատեցին, որ, ըստ ԶԼՄ-ների, «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը ՌԴ-ում ապրող գործարար Ռուբեն Գրիգորյանն է։
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Ռուբեն Գրիգորյանն իր ընկերն է, մտավորական, ազնիվ ու պարկեշտ մարդ։ Նա հերքեց այն լուրերը, որ Ռուբեն Գրիգորյանն է ֆինանսավորում իր ղեկավարած կուսակցությանը։

Ելույթից հետո Զարուհի Փոստանջյանն ու իր համակիրները հեծանվաերթ կատարեցին Երեւանի կենտրոնական փողոցներով։

Մեկնաբանություն
X