Տրանսպորտի խնդիրների լուծման ձևերն ավելի լավ պատկերացնում է գործող թիմը. Տարոն Մարգարյան

>

Այսօր Էրեբունի վարչական շրջանում մեկնարկեց ՀՀԿ ավագանու ընտրությունների քարոզարշավը: Տարոն Մարգարյանի «մեծարման երեկոն» տեղի էր ունենում Ազատամարտիկների այգում։

Նախ ելույթ ունեցավ Երևանի ավագանու թեկնածու Հովիկ Մուսայելյանը, ով հորդորեց հանել սև ակնոցները. «Մեզ մեկ-մեկ ասում են ախր թերությունները շատ են, սա այնպես է, նա այնպես է։ Ես, ճիշտն ասած, կուզենայի մեր ընդդիմախոսներն այդ սև ակնոցները մեկ-մեկ հանեին և լավը նույնպես տեսնեին»։ Բարձրախոսին մոտեցավ նաև ավագանու թեկնածու, շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը. «Շատ չեն այնպիսի մարդիկ, ովքեր բարի ցանկացող են, աշխատասեր են, հոգատար են և ուզում են, որ ամեն օր ինչ-որ լավ բան տեղի ունենա։ Ընդհանրապես, եթե տեսնում ես այդպիսի մարդ, ուզում ես անպայման նրա կողքին լինել և փորձել նրա կողքին ինչ-որ լավ բան անել»։

Դեռևս գործող քաղաքապետին Էրեբունի վարչական շրջանում դիմավորեցին աղ ու հացով։ Վերջինս ամբիոնից խոսեց իր արածների մասին, սակայն «խոստովանեց», որ ինչ-ինչ խնդիրներ դեռ կան և համոզված են, որ կկարողանան լուծում տալ։

Լրագրողները հետաքրքրվեցին քաղաքապետից, թե ե՞րբ է երևանցին ի վերջո արժանապատիվ երթևեկելու. «Տրանսպորտի խնդիրը վերջին 5 տարիներին չի առաջացել, մենք անկախությունից ի վեր ունեցել ենք քաղաքային տրանսպորտի խնդիրը: Դրա լուծման ձևերն ավելի լավ պատկերացնում է գործող թիմը և այն թիմը, որն իր մաշկի վրա է դա զգացել: Այս տարիների ընթացքում միջազգային փորձն ուսումնասիրելով, զարգացած քույր քաղաքների փորձն ուսումնասիրելով արդեն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ».- ասաց Տարոն Մարգարյանը, հավաստիացնելով, որ տրանսպորտի ոլորտում մեծ բարեփոխումներ են իրականացվելու։

Մեկնաբանություն
X