«ԵԼՔ» դաշինքը քարոզչությունը մեկնարկեց երթով․ ընթացքում էլ վանկարկեցին, երգեցին, անցորդներին ողջունեցին․ ֆոտոշարք

>

«ԵԼՔ» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկը տվեց Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկից։ Այնտեղ էին դաշիքնի առաջնորդները, համակիրները, ավագանու անդամի թեկնածուները՝ դաշինքի դրոշներով, նախընտրական թռուցիկներով։

«Առնվազն 70 տոկոսով ծառայողական մեքենաների կրճատում կլինի եւ այսօր Երեւանի քաղաքապետարանը տարեկան 1 միլիոն դոլար է ծախսում ծառայողական մեքենաների վրա, որը կարծում եմ՝ շատ մեծ ճոխություն է։ Բա քաղաքային տրանսպորտ չկա՞, ո՞վ է օգտվելու, եթե ոչ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները... Հանրապետական կուսակցությունը առանց վարչական ռեսուրսի հաղթելու որեւէ շանս չունի։ Ես ասում եմ՝ նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրմամբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ եւ կատարել իր ընտրությունը, մեր խնդիրն է քաղաքացիներին քաջալերել»,- մինչ երթի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Երեւան ջան, ելք կա», «Ելք կա» վանկարկումներով մեկնարկեց քարոզչական երթը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և ավագանու թեկնածուներից մի քանիսը բարձրախոսով ելույթներ ունեցան։ «Սիրելի երեւանցիներ, մենք այսօր եկել ենք Ձեզ ասելու, որ մայիսի 14-ին պահելու ենք Ձեր յուրաքանչյուր քվեն, ինչպես դա արել ենք խորհրդարանական ընտրություններում։ Մայսիսի 14-ի Երեւանի քաղաքապետի ընտրություններում մենք ձեզ մաղթում ենք հաղթանակ, որովհետեւ մեր հաղթանակը հնարավոր է այն պարագայում, եթե դուք որոշեք ձեր քվեն տալ «ԵԼՔ» դաշինքին... Երեւան ջան,․ ելք կա, ելք կա»։

Երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց երգել «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգից մի հատված, եւ բոլորով միասին Մաշտոցի պողոտայում քայլերթի ժամանակ կատարեցին այն։

Ամբողջ երթուղում քաղաքացիները իրենց բնակարաններից ողջունում էին երթի մասնակիցներին, վերեւից բարեւներ ուղարկում, ոմանք նկարահանում էին, մի մասն էլ պարզապես նայում էր։

«Երեւան ջան, ելք կա»-ին անտարբեր չէին նաեւ ավտոմեքենաների վարորդները, որոնք ազդանշաներով իրենց աջակցությունն էին հայտնում դաշինքին։

Լուսանկարները՝ Հրապարակ-ի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X