Մինչ երիտասարդները ռոք համերգն էին վայելում, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր ապահովեց, իսկ թիմակիցները՝ լուռ հետեւում էին․ ֆոտոշարք

>

Այսօր «ԵԼՔ» դաշինքը նախընտրական քարոզչությունը սկսեց Տերյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից այգուց։ Նրանք իրազեկման քարոզչական քայլերթ իրականացրին՝ անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Վերջնակետը Հյուսիսային պողոտան էր, որտեղ արդեն հավաքված էին բազամթիվ երիտասարդներ եւ վայելում էին դաշինքի կազմակերպած ռոք համերգը։

«Նեմրա» ռոք խմբի համերգը վերածվել էր խելահեղ ալիքի: Ռոքի սիրահար երիտասարդները, «գլուխները կորցրած», երգում էին խմբի հետ, թռչկոտում, իսկ նրանց կողքին սուսուփուս կանգնել էին «ԵԼՔ»-ականները։ Ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց ֆեյսբուքի ուղիղ եթերով ցուցադրել տիրող տրամադրությունը։

Համերգի ավարտից հետո բեմահարթակը դաշինքի անդամներինն էր։ Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն տպավորությունը, թե «ԵԼՔ» դաշինքը գոհ է ԱԺ ընտրությունների պատկերից, դա այդպես չէ. «ԵԼՔ դաշինքի ակնկալիքները այլ էին, ԵԼՔ դաշինքն էլ է դժգոհ, բայց մենք ակնածանքով ենք մոտենում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարողացել են ահաբեկումները, ընտրակաշառքը շրջանցել եւ գնալ ընտրատեղամաս եւ իրենց ազատ կամքը արտահայտել։ Հիմա «ԵԼՔ» դաշինքը նոր փուլ է սկսում։ Երրորդ անգամն է, որ Տարոն Մարգարյանը ցանկանում է դառնալ Երեւանի քաղաքապետ, այսինքն՝ երրորդ անգամ հանուն ինչի՞, հանուն ո՞ր Երեւանի, որ տրանսպորտի գինը 200 դրա՞մ էիք դարձնում»։

Ելույթներ ունեցան նաեւ ավագանու անդամի թեկնածուները, իսկ հանրահավաքը ամփոփեց Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթով։ «Երեւանում է կենտրոնցած դրամաշրջանառության մեծ մասը, եւ Երեւանի քաղաքապետը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի այս ամենի կառավարման հետ իր պարտադիր եւ պատվիրակված լիազորություններով։ Երեւանի քաղաքապետը լրջագույն լիզորություններ ունի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Կարող է ձեւավորել հասարակական կարգի պահպանման ստորաբաժանումներ։ ՀՀ օրենդրությամբ Երեւանի քաղաքապետը մի պաշտոնյա է, որը չունի վերադաս»։

Խոսելով Երեւանի քաղաքապետի պաշտոնի, պարտականությունների մասին՝ Փաշինյանը անդրադարձավ այն խոսակցություններին, որոնք առաջ էին քաշել ՀՀԿ-ականները, թե Երեւանի քաղաքապետ կարող է լինել բուն երեւանցին:

«Նրանք ի՞նչ են ասում, այ, մենք երեւանցիներս, իբր մենք երեւանցի չենք, իրենք երեւանցի են, իբր Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է, իսկ մենք երեւանցիներս, նախ էսպես խոսողները Երեւան քաղաքը չեն ճանաչում երրորդ դասարանի մակարդակով ։ Մի հատ եկեք շրջվենք եւ նայենք, թե ինչ փողոց է անցնում այնտեղով, պատկերացնում եք՝ մարդիկ չեն իմացել երեւանցիության մասին եւ այս հոյակերտ Երեւանի կենտրոնը անվանակոչել են լոռեցի Հովհաննես Թումանյանի անունով, ինչպիսի խայտառակություն։ Մի քիչ վերեւ ես գնում թիֆլիսեցի Սայաթ Նովայի անունն են բերել կպցրել, ինչպիսի խայտառակություն։ Երեւանի գլխավոր պողոտան փոխանակ Տարոն Մարգարյանի անունով դնեն, բերել են հացեկացցի Մեսրոպ Մաշտոցի անունով են դրել, ինչպիսի խայտառակություն։ Աջ նայեք, չեն էլ ամաչում, ջավախքցի Տերյանի անունով են բերել փողոց անվանակոչել»,- ասաց Փաշինյանը։

Լուսանկարները՝ Հրապարակ-ի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X