ԵԼՔ դաշինքի քարոզչության առաջին օրը․ Տեսանյութ, ֆոտոշարք

>

«ԵԼՔ» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկից։ Այնտեղ էին դաշիքնի առաջնորդները, համակիրները, ավագանու անդամի թեկնածուները՝ դաշինքի դրոշներով, նախընտրական թռուցիկներով։

Իրազեկման քարոզչական երթ իրականացրին

«Առնվազն 70 տոկոսով ծառայողական մեքենաների կրճատում կլինի: Այսօր Երեւանի քաղաքապետարանը տարեկան 1 միլիոն դոլար է ծախսում ծառայողական մեքենաների վրա, որը կարծում եմ՝ շատ մեծ ճոխություն է։ Բա քաղաքային տրանսպորտ չկա՞, ո՞վ է օգտվելու, եթե ոչ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները... Հանրապետական կուսակցությունը առանց վարչական ռեսուրսի հաղթելու որեւէ շանս չունի։ Ես ասում եմ՝ նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրմամբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ եւ կատարել իր ընտրությունը, մեր խնդիրն է քաղաքացիներին քաջալերել»,- մինչ երթի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Երեւան ջան, ելք կա», «Ելք կա» վանկարկումներով մեկնարկեց քարոզչական երթը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և ավագանու թեկնածուներից մի քանիսը բարձրախոսով ելույթներ ունեցան։ «Սիրելի երեւանցիներ, մենք այսօր եկել ենք Ձեզ ասելու, որ մայիսի 14-ին պահելու ենք Ձեր յուրաքանչյուր քվեն, ինչպես դա արել ենք խորհրդարանական ընտրություններում։ Մայսիսի 14-ի Երեւանի քաղաքապետի ընտրություններում մենք ձեզ մաղթում ենք հաղթանակ, որովհետեւ մեր հաղթանակը հնարավոր է այն պարագայում, եթե դուք որոշեք ձեր քվեն տալ «ԵԼՔ» դաշինքին... Երեւան ջան,․ ելք կա, ելք կա»։

Երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց երգել «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգից մի հատված, եւ բոլորով միասին Մաշտոցի պողոտայում քայլերթի ժամանակ կատարեցին այն։ Ամբողջ երթուղում քաղաքացիները իրենց բնակարաններից ողջունում էին երթի մասնակիցներին, վերեւից բարեւներ ուղարկում, ոմանք նկարահանում էին, մի մասն էլ պարզապես նայում էր։ «Երեւան ջան, ելք կա»-ին անտարբեր չէին նաեւ ավտոմեքենաների վարորդները, որոնք ազդանշաներով իրենց աջակցությունն էին հայտնում դաշինքին։

Ռոք համերգն ու հանրահավաքը

Երթի վերջնակետը Հյուսիսային պողոտան էր, որտեղ արդեն հավաքված էին բազամթիվ երիտասարդներ եւ վայելում էին դաշինքի կազմակերպած ռոք համերգը։ «Նեմրա» ռոք խմբի համերգը վերածվել էր խելահեղ ալիքի: Ռոքի սիրահար երիտասարդները, «գլուխները կորցրած», երգում էին խմբի հետ, թռչկոտում, իսկ նրանց կողքին սուսուփուս կանգնել էին «ԵԼՔ»-ականները։ Ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց ֆեյսբուքի ուղիղ եթերով ցուցադրել տիրող տրամադրությունը։ Համերգի ավարտից հետո բեմահարթակը դաշինքի անդամներինն էր։

Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն տպավորությունը, թե «ԵԼՔ» դաշինքը գոհ է ԱԺ ընտրությունների պատկերից, դա այդպես չէ. «ԵԼՔ դաշինքի ակնկալիքները այլ էին, ԵԼՔ դաշինքն էլ է դժգոհ, բայց մենք ակնածանքով ենք մոտենում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարողացել են ահաբեկումները, ընտրակաշառքը շրջանցել եւ գնալ ընտրատեղամաս եւ իրենց ազատ կամքը արտահայտել։ Հիմա «ԵԼՔ» դաշինքը նոր փուլ է սկսում։ Երրորդ անգամն է, որ Տարոն Մարգարյանը ցանկանում է դառնալ Երեւանի քաղաքապետ, այսինքն՝ երրորդ անգամ հանուն ինչի՞, հանուն ո՞ր Երեւանի, որ տրանսպորտի գինը 200 դրա՞մ էիք դարձնում»։ Ելույթներ ունեցան նաեւ ավագանու անդամի թեկնածուները, իսկ հանրահավաքը ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

«Երեւանում է կենտրոնցած դրամաշրջանառության մեծ մասը եւ Երեւանի քաղաքապետը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի այս ամենի կառավարման հետ իր պարտադիր եւ պատվիրակված լիազորություններով։ Երեւանի քաղաքապետը լրջագույն լիզորություններ ունի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Կարող է ձեւավորել հասարակական կարգի պահպանման ստորաբաժանումներ։ ՀՀ օրենդրությամբ Երեւանի քաղաքապետը մի պաշտոնյա է, որը չունի վերադաս»։ Խոսելով Երեւանի քաղաքապետի պաշտոնի, պարտականությունների մասին՝ Փաշինյանը անդրադարձավ այն խոսակցություններին, որոնք առաջ էին քաշել ՀՀԿ-ականները, թե Երեւանի քաղաքապետ կարող է լինել բուն երեւանցին: «Նրանք ի՞նչ են ասում, այ, մենք երեւանցիներս, իբր մենք երեւանցի չենք, իրենք երեւանցի են, իբր Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է, իսկ մենք երեւանցիներս, նախ էսպես խոսողները Երեւան քաղաքը չեն ճանաչում երրորդ դասարանի մակարդակով»,- ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածուն։

Լուսանկարները՝ Հրապարակ-ի։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X