Չավուշօղլուի տապալումը, կամ ո՞ւր է գլորվում Թուրքիան

Անցյալ տարվա հունիսից Թուրքիայի ներքաղաքական զարգացումների թեման չի իջնում ոչ միայն միջազգային մամուլի էջերից, այլեւ եվրոպական կառույցների նիստերի ու նստաշրջանների օրակարգերից: Թուրքիան կատարյալ վայրընթաց շարժման մեջ է, որը չի երեւում, արդյոք կկասեցվի՞, թե՞ Թուրքիայի փլուզման սցենարով կավարտվի: Մանավանդ՝ զարգացումների այն արագացմամբ, որի ականատեսը դարձանք անցնող շաբաթ՝ ապրիլի 16-25-ը:

Ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն Թուրքիայի համար, անկախ արդյունքից, ունեցավ հնարավոր վատագույն հետեւանքը, քանի որ արձանագրեց հասարակության անհաշտ ու անհաղթահարելի բեւեռացում: Թուրքիայի հասարակությունն առանց այն էլ խառիճաղանջ էթնիկ պատկեր ունի, քանի որ 1923-ի Հանրապետության հռչակումից հետո բոլոր մահմեդականներին կոչել են թուրք՝ անկախ էթնիկ ծագումից, եւ բարդ է հասկանալ, թե Թուրքիայում ով է թուրք, ով՝ քուրդ, ով՝ արաբ, ով՝ չերքեզ, ով՝ թուրքմեն, ով՝ ազերի, ով՝ ալեւի եւ այլն: Այժմ այդ մոզաիկան մի նոր բաժանումով է գունավորվել՝ էրդողանականներ, որոնցով բնակեցված են Անատոլիայի աղքատ, գյուղական շրջանները, եւ հակա-էրդողանականներ, որոնք մեգապոլիսներում եւ մեծ քաղաքներում են:

Ապրիլի 16-ի հանրաքվեում Անատոլիայի գյուղական բնակավայրերն ապահովեցին մեկ-երկու տոկոսի առավելություն, եւ այդքանով էլ՝ հաղթանակ նախագահ Էրդողանի համար: Սակայն ինչպե՞ս: Արդեն քվեները հաշվելու փուլում Թուրքիայի բարձրագույն ընտրական մարմինը հրահանգեց ընտրատեղամասային հանձնաժողովներին չկնքված ծրարներով քվեաթերթիկները համարել վավեր: Մինչդեռ 2010-ին ընդունված օրենսդրական լրացումով չկնքված ծրարով քվեաթերթիկը ենթակա է անվավեր ճանաչվելու: Հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն ճիշտ եզրակացության էր հանգել, որ ընտրական բարձրագույն մարմնի հակաօրինական ցուցումը չկնքված ծրարներն ու քվեաթերթիկները վավեր ճանաչելու մասին լավագույն ապացույցն է, որ Էրդողանը հանրաքվեում պարտվում էր: Չպարտվելու դեպքում ինչո՞ւ պետք է այդքան աղաղակող օրինախախտման գնար:

Սակայն եթե նույնիսկ չկնքված ծրարների հետ ձեռնածությունը չլիներ, եւ Էրդողանը պարտվեր, դրանից իրադրությունն արմատապես չէր փոխվի: Նույն 50-50 բաժանումը, քաղաքային ու գյուղական բնակչության անհաշտ դիմակայությունը կմնային: Դա էլ Թուրքիան փլուզման տանող ամենամեծ խնդիրն է, որքան էլ Էրդողանին թվա հակառակը, որքան էլ նա կարծի եւ հայտարարի. թե նախագահական ինստիտուտն ամրացնելով՝ ինքը փրկում է Թուրքիան:

Իհարկե, չի փրկում: Միայն խնդիրներն է ավելացնում: Երեկ Ստրասբուրգում կյանքի կոչվեց Թուրքիայի համար վատագույն արտաքին քաղաքական սցենարներից մեկը, որը միայն սրելու է Թուրքիայի ներքին իրավիճակը եւ երկիրը շատ ավելի արագ է տանելու դեպի անդունդը: Ի՞նչ պատահեց երեկ Ստրասբուրգում:
Երեկ ԵԽԽՎ-ում բանաձեւ ընդունվեց Թուրքիայի նկատմամբ մշտադիտարկման գործընթաց սկսելու մասին, քանի որ ԵԽԽՎ-ն գտավ, որ Թուրքիայում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները խախտվում են այն աստիճան, որ Թուրքիայի՝ Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորություններն են վտանգվում: Մշտադիտարկումը կամ մոնիթորինգն այն գործընթացն է, որի վատագույն տարբերակում հերթական զեկույցով կարող է առաջարկվել ԵԽԽՎ-ում տվյալ երկրի պատվիրակության մանդատների կասեցում կամ առհասարակ Եվրոպայի խորհրդին երկրի անդամակցության կասեցում: Նման հեռանկարից խուսափելու ուղին ԵԽԽՎ-ից խորհուրդ տրվող քայլերը կատարելն է:

Ներկա պահին Թուրքիային խորհուրդ է տրվել կամ իրերն իրենց անունով կոչելիս Թուրքիայից պահանջվել է վերացնել արտակարգ դրությունը, ազատել կալանավորված պատգամավորներին, ազատ արձակել շուրջ 150 դատապարտված կամ դատաքննություն անցնող լրագրողներին, դադարեցնել խորհրդարանը շրջանցող օրենքներ գործողության մեջ դնելը, դադարեցնել այլախոհների հետապնդումները եւ ամենակարեւորը՝ հեռու մնալ մահապատիժը վերականգնելուց:

Թե Էրդողանը ԵԽԽՎ թիվ 14282 զեկույցի Եզրակացություններ բաժնի վերոթվարկյալ եւ մյուս պահանջների որ մասին կանսա եւ կիրագործի կամ չիրագործելու դեպքում երբ Եվրոպայի խորհրդից դուրս կթռչի՝ նույնպես կարեւոր հարց է: Բայց Թուրքիայի համար իրադրության շատ ավելի մեծ վտանգավորությունն այն է, որ, ինչպես արդեն տեւական ժամանակ Թուրքիայում բարձրաձայնվում է, պաշտոնապես ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո հայտվելը (իսկ երեկ ձայների բացարձակ մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն նման որոշում կայացրեց) Թուրքիայի համար գրեթե մեխանիկորեն վերածվում է Եվրամիության Կոպենհագենյան չափանիշներին չհամապատասխանելու։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որ տասնամյակներով առաջընթաց չէին գրանցում եւ անցյալ տարի Եվրոպայի խորհրդարանի բանաձեւով առկախվեցին, այժմ արդեն պաշտոնապես կդադարեցվեն՝ անհամեմատ բարդացնելով ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները:

Իսկ Եվրամիության կողմից մերժված Թուրքիան, մանավանդ՝ ԵՄ արտաքին սահմաններն ամրացնելուց եւ պաշտպանելուց հետո, այլեւս դժվար է ասել, թե որքան կմնա ՆԱՏՕ-ի կազմում: Այն հիստերիան, որով Թուրքիայի ԱԳՆ-ն երեկ արձագանքեց ԵԽԽՎ 14282 բանաձեւի ընդունվելուն, ցույց է տալիս, որ այդ որոշման եւ քայլի հեռուն գնացող հետեւանքներն Անկարայում ողջ խորությամբ գիտակցում են: Ի դեպ, թե որքանով ճիշտ, դժվար է ասել, բայց վերջին մեկ շաբաթում անընդհատ հաղորդվում էր, որ ԵԽԽՎ երբեմնի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով այժմ Թուրքիայի ԱԳ նախարարն է, անձամբ աշխատում էր ԵԽԽՎ պատգամավորների հետ՝ անելով ամեն հնարավորն ու անհնարը՝ երեկվա բանաձեւի ընդունումը կանխելու համար: Չկարողացավ: Բանաձեւն անցավ կողմ եւ դեմ ձայների գրեթե 3:1 հարաբերակցությամբ՝ Թուրքիայի համար գծելով ապագայի վատագույն ուրվանկար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X