Մեդիախոհանոց. Որքանով են թափանցիկ գերատեսչությունների կայքերը

>

Ոչ միայն տարբեր գերատեսչություններ ԶԼՄ-ների ուղարկած հարցումներն ու դրանց տրվող պատասխաններն են օգնում որոշակի պատկերացում կազմել նրանց աշխատանքի մասին, այլ նաեւ՝ գերատեսչությունների կայքերը։ Ուշադիր զննելով այդ կայքերը՝ դժվար չէ պարզելը, թե ինչ պարբերականությամբ են թարմացվում դրանք, որքանով են սպառիչ տեղեկատվություն հաղորդում կայքի այցելուին գերատեսչության գործունեության մասին։ Նաեւ պատկերացում են տալիս այն մասին, թե որքանով են այդ գերատեսչություններում զուսպ հայտարարությունները ստորադասվում պաթետիզմին ու հայրենասիրական զեղումներին։

Մինչ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տարված է «ազգ-բանակ» գաղափարը հանրությանը հասու դարձնելու աշխատանքներով, այդ առթիվ ելույթներ է ունենում ժամանակ առ ժամանակ, նրա ղեկավարած գերատեսչության կայքի՝ www.mil.am, առանձին բաժիններ այսօր արդեն որպես ընդդիմադիր գործիչ ներկայացող, նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանի մասին են հուշեր արթնացնում։

Ասենք, օրինակ, «Քաղաքացիների ընդունելություն» բաժնում վերջին տեղեկատվությունը տեղադրվել է 2009թ․ փետրվարի 2-ին եւ հիշեցնում է Սեյրան Օհանյանի մի ընդունելության մասին։

«2009թ․ փետրվարի 2-ին Սեյրան Օհանյանն ընդունել է «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության եւ մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակությաին հաստատությունների ներկայացուցիչներին եւ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010թ․ կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը»,- նշված է mil.am կայքի «Քաղաքացիների ընդունելություն» բաժնում տարածված հայտարարության մեջ։
Կայքի «Լուսանկարներ» բաժնում էլ տեղադրված են միայն Սեյրան Օհանյանի տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումները վկայող լուսանկարներ, իսկ ահա Վիգեն Սարգսյանի լուսանկարներին կարող ենք հանդիպել միայն նրա հանդիպումների մասին ներկայացվող հաղորդագրություններում։

Ինչու՞ է պաշտպանության նախարարությունում վարչության պետերի, այլ պաշտոնյաների մասին ներկայացվող տեղեկատվությունը ոչ համապարփակ, երբ, օրինակ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պահանջում է, որ պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, կրթության, մասնագիտության, պաշտոնի հետ մեկտեղ նշվեն նաեւ աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները։ Այս հարցն ուղղեցինք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ հիշեցնելով, որ այլ նախարարությունների կայքերում կա ամբողջական տեղեկատվության պաշտոնատար անձանց մասին։

Արծրուն Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ, ի տարբերություն այլ նախարարությունների, պաշտպանության նախարարությունն ունի իր առանձնահատկությունները եւ չի կարող պաշտոնատար անձանց վերաբերող բոլոր տվյալները հրապարակել։

Կայքում, որպես կապի միջոց, տեղադրված է մեկ հեռախոսահամար՝ 29-46-99, իսկ ահա նախարարության տարբեր վարչությունների, այդ թվում նաեւ՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հեռախոսահամարներն իմանալու համար պետք է զանգահարել թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

Իհարկե, կայքում նաեւ երկու էլեկտրոնային հասցե է նշված՝ press@mil.am, modpress@mil.am, որոնցով լրագրողները հարցումներ են ուղղում նախարարությանը։ Հավանաբար ԶԼՄ-ների հետ հարաբերություններ պահպանելու համար այսքանն էլ բավարար են համարում պաշտպանության նախարարությունում։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X