Վախի ու վախկոտների մասին

Դեռ ընդամենը չճշտված լուրեր են հնչում այն մասին, որ երկրի ղեկավարությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կանգ է առել Էդուարդ Շարմազանովի թեկնածության վրա, երիտասարդ «նախագահացուի» խոսքն ու ձայնի տոնը սկսել են փոխվել։ Նախկին թաքնված ցինիզմն արդեն անթաքույց է դարձել, իշխանական խոսնակի մեղմ ինքնավստահությունը տեղը զիջել է հազար տարվա Հանրապետականի ինքնասիրահարվածությանը, որակումներն ու քննադատական շեշտերը կորցրել են չափն ու սահմանը։ Երեկ ալավերդցի երիտհանրապետականն «Ազատության» եթերում հեգնում էր ընդդիմությանը եւ այն անձանց, այդ թվում՝ լոռեցիներին, ովքեր վախենում են կամ վախի ազդեցության տակ են կատարել իրենց ընտրությունը։ Նա ծիծաղելի է համարում վախի մասին խոսակցությունները եւ կարծում է, որ Հայաստանում վախի մթնոլորտի մասին անգամ խոսել չի կարելի, քանի որ «Փամբակից մինչեւ Արարատ» բոլորն ազատ, արդար քվեարկություն են կատարել, եւ հենց այդ ազատ-արդար ընտրության արդյունքում էլ Ալավերդում ՀՀԿ-ն ստացել է 68 տոկոս ձայն։ Մինչդեռ, եթե մի փոքր ազնիվ լիներ՝ գոնե ինքն իր հետ, ապա չէր հերքի, որ նման վախի մթնոլորտ կա անգամ հենց իշխող կուսակցության ղեկավար կառույցներում։ Մի տարբերությամբ, որ հասարակ լոռեցին վախենում է իր գյուղապետ-քաղաքապետից-ոստիկանությունից, ՀՀԿ ԳՄ անդամները սարսափում են ՀՀԿ նախագահից։ Դրա մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ նրանք անգամ վախենում են Սերժ Սարգսյանից ուղիղ հարցնել, թե ինչ է իրենց սպասվում՝ ովքեր են վերջապես գնալու պառլամենտ, ովքեր են զբաղեցնելու երկրի ղեկավար պաշտոնները, ինչ է լինելու 2018-ից հետո։ Հետաքրքիր է՝ գեթ մեկ անգամ պատմության մեջ ՀՀԿ խոսնակի, ԳՄ անդամների կարծիքը տարբերվե՞լ է ՀՀԿ ղեկավարի կարծիքից։ Եթե չի տարբերվել՝ ինչի՞ արդյունք է դա։

Մեկնաբանություն
X