Ինստիտուտն է ափսոս

Երեկ համացանցում ոմանք զվարճանում էին՝ փաստաբաններն իրար են ծեծել։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չէին, բայց ծեծված, արյունլվիկ փաստաբանի լուսանկարները տպավորիչ էին եւ խոսում էին այն մասին, որ ոչ թե թեթեւ քաշքշուկ է եղել, այլ լուրջ մենամարտ։ Ասեցինք-խոսեցինք, վաշ-վիշ արեցինք, բայց ոչ մեկիս մտքով չանցավ, որ փաստաբանություն կոչվող ինստիտուտի հարգը մի փոքր պակասեց։ Այնպես, ինչպես պակասում է դատական ինստիտուտի հարգը՝ յուրաքանչյուր ապօրինի վճռից ու յուրաքանչյուր ագահ դատավորի վերցրած կաշառքից հետո։ Այնպես, ինչպես նվազում է լրագրության հարգը՝ յուրաքանչյուր վատ հոդվածից հետո, պատահաբար լրագրության մեջ հայտնվածի պատճառով։ Այնպես, ինչպես նսեմանում է օրենսդիր մարմնի արժեքը, երբ այնտեղ հայտնվում են նովոներն ու մանվելները։ Թվում է, թե սրանց ֆոնին ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ ԱԺ նախագահ կարգվի Էդուարդ Շարմազանովը, բայց պառլամենտական ինստիտուտն է ափսոս, որի «պլանկան» տարեցտարի իջել է։ Մինչդեռ խորհրդարանի ղեկավարների թվում եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Կարեն Դեմիրճյանը։ Նույն «անկումն» է նաեւ գործադիրում՝ եթե ժամանակին նախարար, քաղաքապետ դառնալու համար լուրջ կենսագրություն էր հարկավոր ունենալ, կրթական բարձր ցենզ, մեծ փորձառություն, ապա ինչ-որ պահից նախարարի աթոռն ում ձեռքում ասես չհայտնվեց՝ տարբեր հացկատակների, կիսագողականների, 10 հոգանոց կոլեկտիվ չկառավարածների, չտեսների ու ագահների, կիսագրագետների ու շեղվածների։ Նրանց մի մասի անունը ոչ ոք այսօր չի հիշում, իսկ եթե անգամ հիշում են, ապա «վատով»։ Այնպես որ, ցանկացած նշանակում անելիս, քայլ կատարելիս պետք է հիշել՝ ինստիտուտն է ափսոս, այնպես անենք, որ դեռեւս չկայացած համակարգերը չվարկաբեկվեն։

Մեկնաբանություն
X