Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի, իրենց մաշկի վրա կզգան, դուրս կգան փողոց. Հակոբ Ավագյան

«Մենք ունենք սպասվող ավելի շատ բողոքի ակցիաներ։ Նույն եղանակով, առանց երկխոսելու ընդունվել է հարկային օրենսգիրք, որը 2018 թվականի հունվարից մտնելու է ուժի մեջ, մի մասն արդեն մտել է ուժի մեջ».- կանխատեսում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։

Օրեր առաջ մի քանի տոնավաճառների տասնյակ առևտրականներ բողոքի ցույցեր էին իրականացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանգիստ թողնել իրենց եւ պարբերաբար հարկային ստուգումներ չիրականացնել տոնավաճառներում։ Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է, որպեսզի փաստաթղթավորվի ողջ ապրանքաշրջանառությունը, ինչն առևտրականներն անհնար են համարում։ Այս թեմայով մեր զրուցակիցը ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն է։

  • Ես կուզենամ խոսքս սկսել մեծարգո Արթուր Մեսչյանի երգի բառերով՝ անիվս կոտրվեց իր սիրած փոսում։ Այսինքն՝ 2014 թվականին սկսվեց, եկել է նոր կառավարություն, նորից մենք ասում ենք պարտադիր փաստաթղթավորման համար խնդիրները լուծենք, կառավարություն, և շղթայի վերջին օղակից է սկսում: Վերջին օղակն այս դեպքում գերփոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, գերփոքր առևտրականներն են: Եթե մենք երկրում ունենք փաստաթղթավորման խնդիր, մենք դա արձանագրում ենք, ապա այդ խնդիրը իհարկե պետք է լուծել նաև ՓՄՁ-ի միջոցով, բայց ոչ թե վերջին օղակից սկսելով:

-Պարոն Ավագյան, նոր վարչապետը խոսում էր ստվերը հարկային դաշտ բերելու մասին, հայտարարվեց նաև, որ աշխատանքները սկսվելու են մեծ բիզնեսներից։ Կարծում եք նրանք որևէ կերպ «դիպչե՞լ են» մեծ բիզնեսի ներկայացուցիչներին, այս դեպքում հավասարաչա՞փ վերաբերմունք է ցուցաբերվում ՓՄՁ-ի և մեծ բիզնեսի նկատմամբ:

-Երբ մենք հանդիպեցինք ղեկավար կազմի հետ, մեր կողմից առաջարկ եղավ, որովհետև խնդիրը դրված էր այլ կերպ, այսինքն՝ պարոն Բրուտյանն (ՊԵԿ նախագահի առաջին տեղակալԿարեն Բրուտյան- հեղ.) ասաց, որ ուզում են հասկանալ սկզբից ինչ խնդիրներ կան, ի՞նչն է խնդիրը, որ փաստաթղթավորումը չի ապահովվում և երկրորդ՝ փորձեն այցերի միջոցով մարդկանց ասել, որ եկեք փաստաթղթավորեք ու խնդիրներն ասեք՝ արձանագրենք: Բնական է, այդպիսի պրակտիկա չկա աշխարհում, որովհետև այդ հանդիպումները, շփումներն արդեն ինքը փոքր բիզնեսի ներկայացուցիչները դիտարկում են որպես իրենց վրա հերթական ստուգում կամ ուսումնասիրություն: Մենք առաջարկեցինք, ոնց որ ժամանակին էլի արել էինք, հավաքվենք, ժողովներ անենք, ՊԵԿ-ը կասի իր մտահոգությունները, փոքր բիզնեսն ասի իր մտահոգություններ: Չնայած դրան, ամենակարևորն խնդիրները, որ կան, եղել են այն ժամանակ, ցավոք սրտի, դրանց մեծ մասը շարունակում է մնալ։ Այո, նոր կառավարության գալուց հետո որոշակի բաներ արվել է խոշոր բիզնեսի նկատմամբ, որովհետև ցուցանիշները հարկահավաքման երևում է, որ ստվերի հաշվին ինչ-որ բաներ ավելացել են հարկային եկամուտներում։ Բայց այն օղակները, որոնք խաթարում են մեր երկրում պարտադիր փաստաթղթավորումը, մասնավորապես մաքսային ձևակերպումները, խոշոր ներկրողների շղթան։ Կան ապրանքային խմբեր, որոնք պարտադիր փաստաթղթավորման համար են, հետևաբար՝ բեռը ծանրանում է։ Այսինքն՝ այս խնդիրները, որ այն ժամանակ բարձրաձայնում էինք, մնացել են, հիմա նույն փոքր բիզնեսին ասում ենք՝ պարտադիր փաստաթղթավորել, այն ժամանակ էլ էինք նույնն ասում: Խնդիրները դրվեց սեղանին, եղավ օրենքի փոփոխություն՝ 5 և 1.5 տոկոս, բայց պայման էր դրված միևնույն ժամանակ, որ մոնիտորինգ արվի 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ, տեսնեն այն ո՞ր ապրանքների խմբերը սկսեցին 1.5 տոկոս վճարել, ի՞նչ փոխվեց, ո՞ր ապրանքները սկսեցին փաստաթղթավորվել, որոնք՝ ոչ, և գնալ դրանով: Բայց մենք օրենքը փոխեցինք, ժողովուրդը գնաց տուն, մենք ոչ մի բան չարեցինք, մենք նկատի ունենք կառավարությունը։

-Այդ փաստաթղթավորման պրոցեսը ֆինանսապես շա՞տ է հարվածում առևտրականին, դժվա՞ր պրոցես է։

-Կան ապրանքային խմբեր, որոնք պարզապես անհնարին է փոքր բիզնեսից ուզել, եթե ապրանքը ներմուծվում է և ինքը ճիշտ չի փաստաթղթավորվում ի սկզբանե ՀՀ մուտք գործելիս, ապա ինքը շղթայական ռեակցիայով գնում է վերջին շղթա՝ փոքր վաճառող։ Եվ կան ապրանքային խմբեր, որոնք հենց իրենք փոքր ներմուծողին բերում են և էլի փաստաթղթավորման խնդիր ունեն ներմուծման ժամանակ։ Հետևաբար՝ ինքն էլ իր հասույթն է սկսում թաքցնել, դա մաքսայինի հետ կապված խնդիր է։ Կան ապրանքային խմբեր, օրինակ՝ գյուղմթերք և այլն, որ վերցնում և վաճառում են, այդ դեպքում պարզապես ֆիզիկապես հնարավոր չի, որ փաստաթղթավորեն գյուղացուց վերցրած ապրանքը և ծախեն։ Եթե խոսում ենք զուտ տոնավաճառների առևտրականների մասին, խնդիրները բազմազան են, հիմա զուտ տոնավաճառների առևտրականների խնդիրներն ենք ասում, բայց այդ փաստաթղթավորման խնդիրը լայնաշերտ և իրարից բխող խնդիրներ են, որոնք պետք է սկսվի լուծվել պետական հսկողական մեխանիզմներով, հետո շղթայական ռեակցիայով գա հասնի վերջնական վերավաճառողին, իր մոտ արդեն ավտոմատ փասթաթղթավորված լինի։

-Պարոն Ավագյան, այս պարագայում խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։

-Ես նորից եմ նշում, ձեռագիրը պետք է փոխել, կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունը պետք է լինի անընդհատ, ոչ թե խնդիր առաջանա, ժողովուրդը դուրս գա միտինգի։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց գնացել է այդ ճանապարհով, երբ օրենքներ են գրվում, նախ խոսում են։ Ասում եմ՝ մենք հենց պարոն Բրուտյանի հանդիպմանն ասացինք՝ եկեք գնանք, երկխոսենք, դուք ձեր պահանջներն ասեք ու լսեք նաև փոքր բիզնեսի պահանջները։ Ասացին՝ չէ, մենք այսպես ավելի արագ կգնանք, կլսենք, էլի խնդիրները վեր կհանենք, արդյունքը եղավ սա։ Ու ասեմ՝ կրկնվում է սա։ Մենք ունենք ավելի սպասվող, ավելի շատ միտինգներ։ Նույն եղանակով, առանց երկխոսելու ընդունվել է հարկային օրենսգիրք, երկխոսե՞լ են այս նույն առևտրականների հետ, իհարկե՝ ոչ։ Կգա, ուժի մեջ կմտնի, կանցնի մի քանի ամիս ու իրենք իրենց մաշկի վրա կզգան, դուրս կգան փողոց։ Ու նորից մենք պարտադրված պետք է երկխոսենք։ Երկխոսությունը պետք է լինի անընդհատ։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X