Շանսը բաց թողեցինք

Մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններից հետո մի տեւական ժամանակ այլեւս մեզանում ընտրություններ չեն լինի։ Համենայնդեպս՝ համապետական մակարդակի, կլինեն միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Եվ դա նշանակում է, որ մեր կողմից ձեւավորված խորհրդարանը որոշումներ կկայացնի հասարակական կյանքի բոլոր կարեւոր հարցերում ինքնուրույնաբար՝ առանց հանրության կարծիքը հարցնելու։ Ճիշտ է՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեների, Սահմանադրական դատարան դիմելու, ԱԺ-ում հանրային լսումներ անցկացնելու ավելի դեմոկրատական կարգ է սահմանել, բայց եթե ուղիղ ընտրությունների ժամանակ հանրային կարծիքը տեղ չի հասնում, ապա այդ «զարտուղի» գործընթացների ժամանակ քաղաքացու կարծիքն ընդհանրապես կորչելու է եւ որեւէ դեր չի խաղալու։ Ու դեռ հարց է՝ այդ հոդվածները լիարժեք գործելո՞ւ են մեզանում, թե՞, որպես դեմոկրատիայի առհավատչյա, մնալու են թղթի վրա։ Սիրուն շարադրված եւ միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար։ Այսինքն, հանրապետության նախագահի, վարչապետի, կառավարության ձեւավորման ժամանակ, երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելիս լսվելու է այն 105 պատգամավորների ձայնը, որոնց մենք ընտրեցինք կամ չընտրեցինք ապրիլի 2-ին։ Եվ վերջ։ Մարդը, որպես քաղաքականության, հանրային կյանքում որոշիչ գործոն, դադարելու է լինելուց։ Քաղաքացին օտարվելու է իշխանությունից, կորցնելու է որոշումներ կայացնելու եւ այդ որոշումների վրա ազդելու իրավունքը։ Նա կատարելու է որոշումներ կատարողի, ապրանքը սպառողի, վարձու աշխատողի, զինծառայողի, մի խոսքով՝ «մասսովկայի» դերը։ Միակ եւ վերջին շանսը՝ ազդելու մեր պետության ընթացքի ու հետագա ճակատագրի վրա, խորհրդարանական ընտրություններն էին, որը մենք, կարծես թե, բաց թողեցինք։

Մեկնաբանություն
X