Կոմունիստները դատապարտում են ռեպրեսիաները եւ հիշում ԽՍՀՄ-ի ձեռքբերումները․ ֆոտո

>

Այսօր Աշխատավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած երթին մասնակցում էին նաեւ դպրոցականներ։

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե դա չի՞ նշանակում արդյոք, որ դպրոցականները կուսակցականացվում են, որն արգելված է օրենքով։

«Նրանք մեր կոմունիստների երեխաներն են, ես եկել եմ իմ թոռների հետ։ Որեւէ մեկը չի կարող այս գեղեցիկ օրը իր թոռներին չբերել։ Կոնկրետ առջեւից իմ կողքից քայլում էր իմ թոռը։ Մարդիկ այստեղ եկել են ընտանիքներով, իրենց երեխաներին են բերել։ Իսկ այս տոնակատարությամբ մենք ուզում ենք մեր համերաշխությունը հայտնել մեր անցած 70 տարիներին եւ դրանից հետո մեր գործառույթներին։ Մայիսի 1-ը մենք միշտ նշել ենք որպես Աշխատավորության համերաշխության օր։ Աշխարհի բոլոր երկրներում Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորության համերաշխության օր եւ չենք կարող այդ օրը չնշել։

Դա մեր ավանդույթն է, եւ այս երթը ցույց է տալիս աշխարհին, որ մենք պահպանում ենք մեր ավանդույթները եւ մեր աշխատավորներին ոգեկոչում ենք, որ տեր կանգնեն իրենց իրավունքներին։ Պետք է աշխատանք ունենալն իրենց համար դառնա իրավաբանական նորմ եւ ստանա սահմանադրական գրանցում»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։

Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում նկատեցինք, որ կոմունիստական իշխանության տարիները հիշեցնում են նաեւ ռեպրեսիաները, բռնաճնշումները, հալածանքները մտավորականների, գրողների նկատմամբ։ Կոմունիստների իշխանության տարիներին են հալածվել Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը, այլք, Էդմոն Ավետյանին նույնիսկ Աստվածաշունչ կարդալու համար են ազատազրկել։

«Ռեպրեսիաները մենք դատապարտել ենք կուսակցության բարձրագույն մարմնի համագումարի միջոցով։ Մենք դեմ ենք թեկուզ մեկ մարդու նկատմամբ հանիրավի կիրառվող ռեպրեսիային։ Հայտնի իրավաբան կար՝ Կոնիե։ Նա ասում էր՝ ավելի լավ է տասը մեղավոր չպատժվի, քան մեկ անմեղ մարդ հանիրավի դատապարտվի։ Այս սկզբունքը իրավաբանության գլխավոր նորմերից մեկն է եւ մեզ համար ընդունելի է։ Դրա համար մենք այն կարծիքին ենք, որ չպետք է հանիրավի մարդկանց նկատմամբ կիրառել բռնություն։ Իսկ այն փաստը, որ շատ մարդիկ փորձում են հավասարության նշան դնել Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի հսկայական ձեռքբերումների եւ ռեպրեսիաների միջեւ, ճիշտ չէ։ Որ Աստվածաշունչն արգելել են, մարդիկ չե՞ն կարդացել, բոլորն էլ կարդացել են։ Սոցիալական, մշակութային ոլորտում եղել են հսկայական ձեռքբերումներ, պետք է լավն էլ տեսնել։ Իսկ Բակունցի, Չարենցի, Մահարու քրեական գործերին ծանոթանալու դեպքում կարելի է կարծիք կազմել։ Մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը բռնադատվի, բայց այս կամ այն մարդու նկատմամբ բռնաճնշումներին գնահատական տալու համար պետք է կարդալ նրա քրեական գործը եւ դատել այդ գործի քննության արդյունքով»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։

Մեկնաբանություն
X