Ծուղակն են ընկել

Նոր Ընտրական օրենսգիրքն իսկական ծուղակ էր քաղաքական ուժերի համար։ Այն իր մեջ բազում նրբերանգներ է պարունակում, որոնք ի հայտ եկան ընտրությունների փուլում եւ անակնկալի բերեցին նրանց։ Ծուղակներից ամենաանկանխատեսելին ռեյտինգային կամ, ինչպես դրա կնքահայր Դավիթ Հարությունյանն է քնքշորեն ձեւակերպում՝ տարածքային ցուցակների գաղափարն էր։ Ընտրություններից առաջ քչերն էին խորությամբ պատկերացնում, թե ինչ է դա իրենից ներկայացնում, եւ ընտրողների որ մասն է ըմբռնելու՝ այս ընտրությունը քաղաքակա՞ն է՝ համամասնական, թե՞ ապաքաղաքական՝ մեծամասնական։ Փոքրիկ հույս կար, որ մարդիկ, այնուամենայնիվ, կհասկանան, որ Լֆիկն ու ՀՀԿ-ն նույն ցուցակով են «գնում», սակայն կյանքը ցույց տվեց, որ առնվազն 60-70 տոկոսը չի տարանջատում նրանց։ Բայց առավել ուշագրավ էր կուսակցությունների վիճակը։ Մի կողմից՝ նրանք պետք է փորձեին քաղաքական դեմքեր բերել խորհրդարան, ազատվելով կրիմինալից ու անգրագետից, մյուս կողմից՝ քաղաքական դեմքերը ռեյտինգային ընտրակարգի պարագայում «անցողիկ» չէին, ուստի կրկին հին կոնտինգենտի կարիքը կար։ Ընդ որում, «անցողիկ» դեմքեր ներգրավելու գայթակղությանը տրվեցին գրեթե բոլոր ուժերը եւ կանգնեցին փաստի առաջ։ Այն, որ այսօր խորհրդարան անցած ուժերը չեն կարողանում հայտարարել իրենց պատգամավորների անունները, պայմանավորված է նաեւ դրանով։ Պարզ է, որ Նովոն, Նապը, Տավուշից ընտրված անտառապետը, Շշի Մելոն, Մուրադը, մյուսները նպաստել են, որ իրենց կուսակցություններն անցնեն խորհրդարան, բայց եկել է սթափության պահը, եւ քաղաքական ղեկավարությունը հասկացել է, որ սխալ է նրանց ԱԺ տանելը։ Մի կողմից՝ նրանք վարկաբեկելու են մայր կուսակցությանը, մյուս կողմից՝ ԱԺ-ն նրանց տեղը չէ։ Եվ հառնում է Չերնիշեւսկու հարցը՝ ի՞նչ անել։

Մեկնաբանություն
X