Արծվիկը լավագույն 5-յակում է

>

Որքան մոտենում է «Եվրատեսիլ 2017»-ը, այնքան մրցութային կրքերը թեժանում են։ Բուքմեյքերական ընկերությունները շտապում են ձևավորել լավագույն եռյակը, հնգյակն ու տասնյակը, որը օրերս տեղի ունեցած փորձերից հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

«Եվրատեսիլ 2017»-ի առաջին փորձերը սկսվել էին դեռևս ապրիլի 30-ին, երեկ՝ մայիսի 1-ին, տեղի ունեցան 2-րդ փորձերը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակ Արծվիկը։

«Բում, պայթյուն, մենք ականատես եղանք առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես եկող 18 մասնակիցների առաջին փորձին»։ Այսպես են միջազգային հեղինակավոր կայքերն անդրադառնում եվրատեսիլյան կրքերին։

Բրիտանական հայտնի wiwibloggs.com-ը, անդրադառնալով Արծվիկի առաջին փորձին, գրում է, որ նա վերջապես ցույց տվեց, որ ինչ անում է, ուղղակի փառահեղ է։ Բեմում գերիշխող մանուշակագույնը խորհրդանշում է իշխանությունը, որտեղ Արծվիկը թագուհու նման պաշտպանում է 2 պարուհիներին, որոնք բավական պարզ, բայց արդյունավետ ու տպավորիչ պար են բեմադրում։ Բեմի ետնամասում հնագույն զարդանախշեր են հայտնվում, որոնք ժամանակ առ ժամանակ անհետանում են ամպի գույնզգույն քուլաների մեջ։ Այնուհետև Արծվիկը բացում է ձեռքերը եւ վիթխարի թեւատարած համակարգչային թռչունը դուրս է թռչում: Դուք չեք կարող արտասանել Արծվիկ անունը՝ առանց հատուկ արվեստի տիրապետելով, քանի որ դա էլ հենց արվեստ է։

Նշենք, որ Հայաստանի ելույթը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բեմադրվել է շվեդ գեղարվեստական ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստի կողմից: Բեմում Արծվիկին ուղեկցում են երկու շվեդ պարուհիներ, իսկ բեք-վոկալիստուհիները՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանն ու Վիկտորյա Պողոսյանը, բեմում չեն երևում ։

Փորձին ներկա գտնվածների պնդմամբ՝ Արծվիկը վոկալային տվյալներով եղել է բարձրակետին: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ յուրաքանչյուր փորձից հետո տեղի լրագրողները հնարավորություն են ունենում գնահատել փորձերը։ Լրագրողների քվեարկության համաձայն՝ Արծվիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ ստանալով առավելագույն՝ 100 միավորը։

Բուքմեյքերական ընկերությունները Արծվիկին տեսնում են լավագույն 5-յակում, որը այս պահին ունի հետևյալ տեսքը․

  1. Իտալիա
  2. Բուլղարիա
  3. Շվեդիա
  4. Պորտուգալիա
  5. Հայաստան

Հիշեցնենք, որ հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին: Այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

Մեկնաբանություն
X