Շարքային պտուտակներ

Երեկ երեկոյան վերջապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ տրամադրեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների անունները։ Պարզվեց, որ մեծ խումբ անձինք պայքարել են, փող են ծախսել, մի քանի անքուն շաբաթ են անցկացրել, իսկ այսօր հրաժարվում են այդքան թանկ գնով ձեռք բերված մանդատներից։ Իրականում՝ ակնհայտ է, որ նրանք ոչ առանձնապես չարչարվել եւ ձայներ են բերել իրենց կուսակցությունների համար, ոչ շատ փող են ծախսել, ոչ էլ իրենք են որոշում՝ վերցնե՞լ պատգամավորի մանդատը, թե՞ ոչ։ Եվ սրանում ոչ իրենց մեղքը կա, ոչ իրենց կուսղեկավարներինը։ Նրանք հասարակ պտուտակներ են մի մեքենայի մեջ, որտեղ հայտնվել են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ դեպքերի բերումով, ավելի շուտ՝ բախտի բերմամբ։ Եվ այնպես, ինչպես պատահաբար հայտնվել են քաղաքական էլիտայի շարքերում, նույնքան պատահական էլ կարող են մի օր դուրս մնալ եւ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են։ Այս ընտրությունները եկան ապացուցելու, որ մեզանում կուսակցություններն իրոք կայացած չեն, եւ ռեյտինգային ընտրակարգն առավել ցցուն դարձրեց այդ փաստը։ Ու չկայացած կուսակցությունների պարագայում խորհրդարանական կառավարման անցնելն անպայման հանգեցնելու էր նման հետեւանքների՝ երկրի կառավարման թիվ մեկ մարմնի կազմում կարող էին հայտնվել մարդիկ, որոնք պատրաստ չեն դրան ոչ իրենց գիտելիքներով ու արժեհամակարգով, ոչ իրենց փորձով ու հասունությամբ։ Եթե մարդն անգամ սեփական ճակատագիրը չի տնօրինում, ինչպե՞ս կարող է տնօրինել ողջ երկրի ճակատագիրը։ Ինչպե՞ս կարող է վճռական պահերին կարեւոր որոշումներ կայացնել, սեփական սկզբունքների համար կռիվ տալ, դիմադրել ճնշումներին, չհրապուրվել ու չգայթակղվել նյութական արժեքներով։ Այսինքն, լինել քաղաքական գործիչ՝ բառիս ամենալայն իմաստով։

Մեկնաբանություն
X