Քաղաքագրություն. Բնակչության սովորույթները

Ազգագրական եւ պատմական տեսակետից հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի բնակչության՝ տնտեսության հետ կապված սովորույթները: Մանկական «Աղբիւր» ամսագրի 1902 թվականի համարներից մեկում նկարագրված են Հին Երեւանի կանանց սովորույթները ձմեռվա համար պաշարեղեն պատրաստելու գործում: Այնտեղ ասված է, որ երեւանցի կանայք սովորություն են ունեցել ձմռանն օգտագործելու համար պատրաստել սուջուխ, ալանի, չորացրած մրգեր, լավաշ, հաց, աղ դրած կողակ, զանազան թթուներ, մուրաբաներ, պանիր ու յուղ, խաղողի, դեղձի ու խնձորի կախաններ, կտրել են արշտա (տնական մակարոն) եւ այլն:

Ճիշտ է, որ սովորությունները վերաբերում են 20-րդ դարի սկզբների Երեւանին, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք գալիս էին հնից: Սովորությունները ձեւավորվում են երկար ժամանակաշրջանում եւ իրենց գոյությունը պահպանում են շատ երկար: Այնպես որ, երեւանցի կանանց սովորությունները գոյություն ունեին նաեւ նախկին ժամանակներում՝ մեզ հետաքրքրող դարերում: Իսկ այդ ցույց է տալիս, որ Երեւան քաղաքն ուներ բավականին զարգացած գյուղատնտեսություն՝ այստեղ եղած տնտեսական սովորություններն էլ իրենց զգալի մասով նման էին գյուղական վայրերի բնակիչների սովորույթներին:

Պակաս կարեւոր չեն եղել նաեւ Հին Երեւանի ընտանեկան-իրավական սովորությունները, որոնք նմանության շատ գծեր ունեին Ջավախքի, Լոռու եւ այլ գավառների բնակիչների համանման սովորությունների հետ: Դրանցում եւ Երեւանի գավառում տան մեծը եւ գլխավորը համարվում էր հայրը: Նրա մահից հետո տան մեծի իրավունքն անցնում էր ավագ որդուն, որը, սակայն, լուրջ ու ծանր գործերում պետք է խորհրդակցեր իր չափահաս եղբայրների հետ: Նա համարվում էր ընտանիքի անշարժ եւ շարժական ամբողջ գույքի ու բոլոր գործերի կարգադրիչը, բայց պետք է զգուշանար իր անձնական ծախսերից, որովհետեւ դրա պատճառով կարող էր անհամաձայնություն առաջանալ մյուս եղբայրների միջեւ: Թե՛ Ջավախքում ու Լոռիում եւ թե՛ Երեւանի գավառում գերդաստանի հայրը ծերանալով ու գործից ետ քաշվելով, հետզհետե կորցնում էր իշխանությունը, նրան աստիճանաբար փոխարինում էր ավագ որդին, իսկ ինքը մնում էր որպես, փաստորեն, սոսկ խորհրդատու: Նույնանման իրավական-ընտանեկան սովորություններ գոյություն ունեին նաեւ Երեւան քաղաքում, բայց քաղաքային բնակչության կյանքին հատուկ որոշ առանձնահատկություններով հանդերձ:

Ո՛չ մեր մատենագիրների ու ժամանակագիրների եւ ո՛չ էլ եվրոպական ճանապարհորդների մոտ չենք հանդիպում նույնիսկ հեռավոր ակնարկներ Հին Երեւանի հայերի հարբեցողության մասին: Թիֆլիսահայերի կյանքի մի քանի սովորությունների մասին խոսելիս Խաչատուր Աբովյանը գրում է, որ սովորությունը նրանց օժտել է… ոգելից խմիչքները տանելու մի անըմբռնելի ուժով: Նրանք սեղանից ելնում են այնքան խոհեմ, այնքան զվարթ, որ կարծես ոչինչ խմած չլինեն: Միայն նրանց այտերի վրա խաղում է գինու կարմրությունը… Վրացին կամ հայը, եթե ոչինչ չունի, ապա չի խմում կամ եթե խմի էլ, նա հարբած չէ, այլ զվարթ ու կայտառ: Երբեք չեք տեսնի այստեղ, նույնիսկ հասարակ մարդկանց մեջ, որ փողոցում պառկած լինեն, բայց, ընդհակառակը, որքան հաճախակի կհանդիպեք քաղաքակիրթ երկրներում այնպիսի մարդկանց, որոնք չգիտեն նույնիսկ, թե որտեղ է իրենց գլուխը եւ որտեղ՝ իրենց կոշիկները: Ես այս ասում եմ ի զգուշություն այն հիրավի անփորձ եվրոպացիների, որոնք անխղճորեն հարձակվում են իմ հայրենակիցների վրա, առանց նախապես մտածելու այն մասին, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում:
Այդպիսին էին նաեւ Հին Երեւանի հայերը: Նրանք իրենց ընտիր խաղողից պատրաստած թունդ գինիների մի զգալի մասն օգտագործում էին իրենք՝ հարսանիքների, թաղման, մկրտության, տարելիցների, կրոնական զանազան տոների ժամանակ, ուրախության եւ վշտի պահերին: Գինով էր շաղախվում նշխարը: Գինին հայերի, այդ թվում եւ Հին Երեւանի հայերի մոտ ամենատարածված ոգելից խմիչքն էր: Նրա զորության, զվարթացնող եւ ուրախացնող անզուգական հատկությունների մասին մեր ժողովուրդն ու նրա բանաստեղծները, գրողները, աշուղները ձոնել են խայամական բազմաթիվ քերթվածքներ եւ երգեր: Բայց հայերը երբեք չեն չարաշահել գինու նկատմամբ իրենց դիմացկունությունը: Հին Երեւանի կեղտոտ, փոշոտ ու անբարեկարգ փողոցներում, այնուամենայնիվ, հարբած ու թավալված մարդիկ չկային:
Թ. Խ. Հակոբյան՝ «Երեւանի պատմությունը»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X