Հովիկ Աբրահամյանի նոտար աղջկան մի կողմ թողնենք ․․․

Հովիկի նոտար աղջիկ Աննային մի կողմ թողնենք ու նրա բացատրության սարդոստայնային ցանցում չխճճվենք․

«Ցանկացած դիմումի տակ էլ գրված է, որ ես պատասխանատու չեմ դիմումի բովանդակության հետ: Ես հաստատում եմ միայն մարդկանց ներկայությունը և ստորագրության իսկությունը»:

Օրենսդիր դաշտում աշխատող և աշխատել ցանկացող մարդկանց արածը ներկայացնենք։ Ստացվում է, որ նրանք իրենց ստորագրությունը վավերացրել են դատարկ թղթի տակ։ Իրենք ներկա են եղել և ստորագրությունները վավերացվել են։ Դրանով ես չեմ արդարացնում նոտարի կատարած գործարքը, այլ դատարկ թղթի տակ ստորագրություն դնող մարդկանց ևս ուզում եմ որպես կողմ ներկայացնել։ Այսինքն եթե նոտարը վավերացրել է, իրենք պասիվ կողմ չեն եղել։ Հասկացել են, թե ինչու կամ ինչի համար է վավերացվում իրենց ստորագրությունը։ Մեղմ ասած փոխըմբռնում է եղել։

Անգամ աշխարհից անտեղյակ մի գյուղացու, որ դեմ տաս ու ասես՝ ստորագրիր այս դատարկ թղթի տակ, չի անի։ Կասի՝ միտքդ ծուռ է։ Դա դեռ առանց նոտարական վավերացման։ Բա մանդատից հրաժարվողների մեջ աշխարհ տեսած մի մարդ չկա՞ր, որ ասեր՝ էս ի՞նչ գործի եք․․․

Այսինքն ստացվում է, որ փոխադարձ գիտությամբ համաձայնվել են ստորագրել, հետո էլ ասում են, բա մենք չենք իմացել, թե ինչի համար ենք ստորագրել։ Այստեղ բնական հարց է առաջանում՝ բա որ չեք իմացել ինչի՞ համար եք ստորագրությունը վավերացրել․․․

Նման գործարքի երկուստեք չպիտի գնային, բայց որ գնացել են, ումի՞ց են բողոքում․․․ Նոտարի՞ց․․․ Բա դուք որպես կողմ չեք ուզու՞մ ներգրավվել, ձեզ էլ մեղավոր համարեք, գոնե մի քիչ․․․ Թե՞ ձերը մանդատ առնելն ու նստելն է․․․

ՀԳ Ախր եթե «տղայականով համաձայնվել, պայմանավորվել եք», էլ մանդատների համար ապստամբությունն ինչի՞ համար է։ Անգամ դատարանը, կողմերի համաձայնության դեպքում երկուսին էլ, եթե օրենքի շրջանակներից դուրս քայլ են կատարել, հավասարապես մեղադրում է․․․

Հիշեցնենք, որ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը վավերացրել է պատգամավորական մանդատներից հրաժարվողների ստորագրությունը։ Ստորագրությունը հաստատվել է դատարկ թղթի վրա։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X