Սերժ Սարգսյանի անեկդոտը և մենք․․․

Երեկ «Զովք» սուպերմարկետում էի՝ Մոնումենտի։ Սովորաբար աշխատանքային ժամերից հետո այնտեղ, տարածքն էլ փոքր է, անսովոր մեծ հերթեր են լինում։ Հերթերի ժամանակ, բնական է, ժամանակը կարճելու համար մարդիկ զրուցում են։ Զրույցը, ընդհանուր առմամբ որ վերցնես՝ դժգոհություն, զայրույթ, բողոք է՝ գներից, ապրելակերպից, մթնոլորտից։

Խորհրդարանական ընտրություններից հետո, գաղտնիք չի, ապրանքների գները «թռել են»։ Օբյեկտիվ պատճառները թողնենք իրավասու մարմիններին, սպառողները բոլոր պատճառները կապում են ընտրությունների հետ․

-Իրենց ապրանքն է, «քթներովս հանում են, աչքներս էլ հանում են»։

Մի տարիքով մարդ, որի ակնոցի մի ապակին թելով կապած էր ականջին, ապակին թրթռացնելով խոսում էր․

-Ոչխարին կամ պիտի խուզեն, կամ մորթեն, կամ էլ աչքը հանեն։

Խոսելու պահին ականջից կապված թելը պոկվեց ու ապակին ընկավ։

Կողքինին թվաց, թե աչքը ընկավ՝ վա՜յ աման աչքդ․․․

Մինչ շրջապատում «աչքն» էին որոնում, ծերուկն արդեն իրեն իսկականից «աչքը հանածի» վիճակում էր զգում։

-Էն մսի վրա ի՞նչ գին է գրված,- հարցնում էր։

-2550 դրամ, պապիկ։

-Բա էդ ո՞նց 2400-ից թռավ․․․

  • Միսը զահուրմար դառնա, տարին մեկ ենք ուտում, դու շաքարավազից, ծխախոտից, խոտերից խոսի,- դժգոհում էր մի տատի։

  • Բանանից չխոսե՞մ,- խեղճ- խեղճ հարցրեց բիձուկը։

  • Բանանը քո թեման չի,- միջամտեց «սոլիդ հագնված», երեք զամբյուղավոր մի սպառող․․․

  • Բա ու՞մ թեման է,- ծղրտաց խոտաբույսերի մասին խոսող տատին՝ ոտից գլուխ չափելով զամբյուղների արանքում թաքնված նրա «դիզայնը»․․․

Այդ պահին, թե ոնց եղավ, պապիի ձեռքի ցելոֆանն ընկավ, մեջը մի հինգ ձու էր․

  • Վա՜յ ձվեքս,- գոռաց,- ու բանանի թեման փակվեց․․․

Մի տեսակ ծանր լռություն կախվեց։

-Է՜յ գիտի ջահելություն,- հառաչեց պապին՝ աչքի խոշորացույց ապակին թելով ամրացնելու գործընթացը սկսելով։

  • Ոչինչ ձվածեղ կանես,- սփոփեց տատին․․․

  • Արած պրծած է,- խոր հոգոց քաշեց պապին։

Երբ պապիի հերթը հասավ, ասաց՝ հինգ կոտրած ձու։ Գանձապահը անտարբեր հաշվեց հինգ ձուն՝ 300 դրամ։

Պապին հերթից դուրս եկավ, բայց ապակին ձեռքին դեռ զննում էր գները․

  • Էս ճուտն ի՞նչ ա, վրեն ի՞նչ կա, որ էդքան թանկա․․․

Ակամայից հիշեցի Սերժ Սարգսյանի անեկդոտը, որ պատմել էր Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում.

«Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երեւանը չէ»:

Սերժ Սարգսյանի անեկդոտը և մենք։ Դե եկ ու մի դժգոհիր․․․

ՀԳ Հերթերի խոսակցություններից մի բան էլ ասեմ։ Վարչապետի համար դա կարևոր լուր է։ Հիմա մարդիկ գների մասին դժգոհելուց հետո իրեն էլ են հիշում, ասում են՝ վարչապետն եկավ, ամեն ինչ թանկացավ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X