Ունենք այն, ինչ ունենք

Ահա եւ ավարտվեց երկրի օրենսդիր մարմնի ձեւավորման առաջին փուլը։ Աղմուկով, ծեծ ու ջարդով, փողով ու սպառնալիքներով, վարչական լծակներով ու թաղային հեղինակություններով, բայց, այնուամենայնիվ, արտաքուստ հարթ ձեւավորվեց Ազգային ժողով։ Համենայնդեպս՝ «զոհեր» չեղան։ Եղան մանր ու մեծ սկանդալներ, բողոքի ու հիասթափության նոտաներ, բայց չեղավ բողոքարկում, չեղան հրապարակային բողոքի ակցիաներ, նստացույցեր ու հանրահավաքներ։ Ինչպիսի խորհրդարան ունեցանք մենք։ Որն այլեւս երկրի թիվ մեկ մարմինն է, եւ որից են կախված իշխանության բուրգի ձեւավորումն ու պետության համար ճակատագրական որոշումների կայացումը։ Ճիշտ է՝ 105 պատգամավորից 41-ը լրիվ նոր մարդիկ են, եւ դա պետք է հույս ներշնչեր, որ օրենսդիր իշխանությունը թարմանում է, երիտասարդանում, բայց ասել, որ այն ավելի լավն է լինելու, քան նախորդը հնարավոր չէ։ Այստեղ օդիոզների, անգրագետների, կոճակ սեղմողների, մաֆիոզների այնպիսի մեծ չափաքանակ է կուտակված, որ մեծ սպասելիքներ ունենալ պարզապես պետք չէ։ Թեեւ, անշուշտ, ամեն ինչ կերեւա «գործածության» մեջ, երբ խորհրդարանն սկսի աշխատել։ Բայց զարմանքի տեղիք է տալիս մեծ թվով անձանց ներկայությունը, որոնց տեղը գուցե բիզնեսն է, գուցե՝ գործադիրը, բայց ոչ խորհրդարանը։ Նրանց մի մեծ խումբ ինտելեկտուալ աշխատանքի ընդունակ չէ։ Մյուսները թքած ունեն մեր երկրի վրա՝ նրանց ամենից շատ հետաքրքրում են իրենց եկամուտներն ու անձնական շահը։ Մի երրորդ խումբ խորհրդարանը դիտում է որպես տրամպլին՝ ավելի հարմար աշխատանքի անցնելու համար, չորրորդներին բարձր աշխատավարձն է գրավում։ Թե որն է լինելու այս խորհրդարանի աշխատող կորիզը, դեռ վաղ է ասել, սակայն հուսանք, որ գոնե մի 30 մարդ, այնուամենայնիվ, կհամապատասխանի օրենսդիրի բարձր կարգավիճակին։

Մեկնաբանություն
X