Ի՞նչը փոխվեց, որ այդ մարդիկ «կակղեցին»․․․

12 թեկնածուներից, ովքեր ԿԸՀ-ում ետ վերցրին ինքնաբացարկի դիմումները, ոմանք պնդում էին, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ստորագրել։ Ու փորձում էին դա անել հանրության զգացմունքային լարերի վրա խաղալով։

Մի փոքր ճռվողյուն բարձրացավ ու մայր երամից պոկվելու անկարող փորձ։ Քաղաքական դաշտը շատ լավ գիտի, թե դա ինչ խաղ էր, հանրության համար էլ դա գաղտնիք չի։ Թերևս դա էր պատճառը, որ հանրությունը դրան արձագանքեց սատիրայի ժանրով, իսկ քաղաքական դաշտը, ինչպես միշտ, յուրաքանչյուրն այդ աղմուկից ցանկացավ ստանալ առավելագույնը։

Արդեն սովորական է դարձել, երբ որևէ քաղաքական գործիչ տեսակետ է հայտնում, նայել, թե քամին որ ուղղություն է տանում․ նա, իր կուսակցությունը, շահերը ուր են ուղղորդում։ Այդ իսկ առումով հանրությունն իր արտացոլանքը քաղաքական հայելու մեջ չի տեսնում։ Սա է ողբալին։ Երբ քաղաքական անկաշառ մեկնաբանություն չես գտնում, երբ քաղաքական հարցազրույցային թեման սպառել է իրեն։ Երբ ցանկացած հարցազրույցից հետո հասարակական աղմուկ է բարձրանում։

Հարցազրույցը հենց նրա համար է, որ սպառիչ պատասխաններ տրվեն, որ հանդարտվի հանրային փոթորիկը, ու մարդիկ գոնե «շունչ քաշեն»։

Բյուրեղապակու պես փշրվել է հանրությունը, միավորող խոսք է պետք, բավական է կուսակցական շեփորներով խփել հանրության գլխին, բավական է կուսակցական ճաղատները շողշողան մեր տեսադաշտում, հենց քթներիս տակ։

Ինքնաբացարկներից հետո տեսեք թեկնածուները քանի անգամ փոխեցին իրենց խոսքը, փորձեցին կշեռքի նժարին դնել իրենց արժանապատվությունը, օրինական դաշտում գործելու իրավունքը․․․

Հետո ի՞նչ փոխվեց։ Հենց այդ փոխվելու մասին պիտի խոսել։ Ի՞նչը փոխվեց, որ այդ մարդիկ «կակղեցին», որ միանգամից դարձան սիրահոժար, դարձան Գագիկ Ծառուկյանի նվիրյալները, թիմակիցները, պատրաստ՝ Ծառուկյանի մի ժեստով վայր դնել իրենց մանդատները։

Նրանց մինչև վերջ տիրություն անո՞ղ չեղավ, թողեցին կես ճանապարհի՞ն, թե՞ ինչպես շատ քաղաքական մեկնաբաններ են պնդում վախեցան «առյուծների վանդակներից»։

Հիշենք նրանց ռազմական կեցվածքը, մինչև վերջ գնալու մարտական տրամադրվածությունը ու․․․ այսօրվա ողբալի վիճակը։ Երբևէ քաղաքական այրերին այդքան ողբալի, ծիծաղելի վիճակում չեմ տեսել։
Բայց դա խղճահարություն չի առաջացնում։ Չեմ կարող անուն տալ թե դա ինչ զգացում է առաջացնում, անգամ բառով վատ ես զգում տալ դրա անունը։

Բայց դրա կողքին լավ եմ զգում, որ նրանց «տիրություն չարեցին», ու նրանք այս անգամ չկարողացան պատսպարվել ավելի տաքուկ անկյունում։

․․․ Ու հիմա փորձում են թիմակից խաղալ․․․ Գոնե մի խոսեք, հարցազրույց մի տվեք, ձեզ չեք խղճում, մեզ խղճացեք։

Դուք բացում եք քաղաքական դաշտի ողջ թշվառությունը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X