Չենք սահմանափակվելու, շարունակելու ենք այլ «արգելված ապրանքների» ներմուծումը․ Արմեն Մկրտչյան

«Շաքարային իմպերիան» մի՞ֆ է, թե՞ իրականություն, օրինակ մեր ոչ այդքան նորաթուխ վարչապետը համարում է, որ մեր երկրում ոչ մի տեսակ մենաշնորհ գոյություն չունի: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու իր ընկերնեը միասին են փորձելու «կոտրել» կամ «շաքարային իմպերիան» կամ էլ կարծրատիպերը։

-Պարոն Մկրտչյան, ինչո՞ւ որոշեցիք շաքար ներկրել Հայաստան, սիմվոլի՞կ բնույթ ունի, թե՞ իսկապես որոշել եք փորձարկել մեր «ազատ շուկայական» հարաբերությունները։

-Տարիներ շարունակ այդ լեգենդներն են պտտվել, միգուցե իրական հիմք ունեն, որ մենաշնորհը կա, և այդ մենաշնորհը խախտողների հանդեպ դաժան վերաբերմունք են ցույց տալիս։ Մենք ընկերներով որոշեցինք այդ պետության ֆունկցիան վերցնել մեր վրա և այն գործը, որը պետությունը պետք է աներ, այսինքն՝ թույլ չտար մենաշնորհներ ձևավորել, փորձեցինք մենք ինքներս մեր ուժերով կազմակերպել։ Եվ դրա առաջին ակցիան շաքարի ակցիան է լինելու։ Բնականաբար, չենք սահմանափակվելու դրանով, շարունակելու ենք այլ «արգելված ապրանքների» ներմուծումը։ Նախ ցույց ենք տալու, որ առանց բոլորին քաջ հայտնի հարկային և մաքսային արտոնություններից օգտվելու կարելի է այդ առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի էժան գնով մտցնել շուկա և երկրորդ՝ փորձելու ենք հանրային հնչեղություն տալով, հետագայում նաև ճանապարհ բացել այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր տարիներ շարունակ հանդիպել են այդ արգելքին։

-Հաշվարկներ ունե՞ք, որքա՞ն է կազմելու ավելացած արժեքի հարկը, արդյոք մրցունակ գին կարո՞ղ եք առաջարկել սպառողին։

-Բոլոր տեսակի հարկերը վճարելով անգամ՝ ամենափոքր մուծումները հաշվարկել ենք և պարզ է դառնում, որ կարող ենք շուկայում առկա գնից նաև էժան գին առաջարկել։

-Իսկ ի՞նչ չափերի ներկրման մասին է գնում խոսքը։

-Առաջին ներմուծումը սիմվոլիկ է լինելու՝ 20 տոննա։ Բայց ըստ պայմանագրի՝ առաջին մեքենայից հետո արդեն ամսական ներմուծումը կմեծանա։

-Իսկ պատկերացում ունե՞ք, թե ովքեր են գնելու շաքարավազը, միգուցե կա՞ն արդեն խանութներ, որոնք պատրաստակամություն են հայտնել գնել։

-Շուկայի ուսումնասիրություն արել ենք, այնպես չի, որ առանց ուսումնասիրելու կամ առանց գործնական պայմանավորվածությունների ենք սկսել գործընացը, բայց բոլոր այն անհատները, բոլոր այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են մեզանից վերցնել շաքարավազ, ամեն դեպքում ասում են, որ անհնար է շաքար ներմուծել, ասում են, որ մեծ սիրով պատրաստ են, եթե բերեք հասցնեք, որևէ խնդիր չեն տեսնում, բայց բերում են օրինակներ, թե ինչպես այսինչ այսինչյանը ձախողվեց, ունեզրկվեց կամ երկրից գնաց և այլն և այլն, բայց դա մեզ կարծես ավելի է մոտիվացնում։

-Ե՞րբ սպասենք առաջին ներմուծմանը։

-Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ Հայաստանում շաքարավազի ներկրումը մեծապես կապում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, ով հայտնի է նաև Լֆիկ մականունով։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X