Պաշտոնյաների մասին այսօր մի քանի կարևոր բան իմացա․․․

Համազգային այս տոնին մի քանի բան իմացա։

Այն, որ Գեներալ Մանվելի արածը Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել։

Գեներալ Մանվելի դիտողությունից չեմ վախենում, որ ասի՝ «կլաս չունեմ», որ մինչ այդ չեմ իմացել իր մեծության մասին։

Տիգրան Մեծը մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ինչքան փորձում եմ եզրեր գտնել Մանվելի ու Տիգրան Մեծի միջև, չեմ գտնում․․․Թող ներող լինի գեներալը։

․․ Ու անընդհատ զարմանում եմ, որ մեր լրագրողները գնում ու «փեշերը մասրենու ճանկռոտող քոլերով են գցում»։ Ուրիշ ում հետ էիք ուզում, որ Մանվելը համեմատվեր։ Հո չէր համեմատվելու ասենք նորօրյա գեներալների հետ․․․

Մի բան էլ իմացա։ Շարմազանովը ժողովրդին պաշտպանում ու նույնիսկ բարկանում է՝ «ինչո՞ւ եք գտնում, որ մեր ժողովուրդը կոռուպցիոներ է», նկատի ունի 10․000 դրամ վերցնելը։Հիմա Շարմազանովը համոզվե՞ց, որ կոռուպցիա կա։ Ժողովրդի միջից, որ կոռուպցիոն ռիսկերը հանվի, ամեն ինչ տեղը կընկնի։

Մի կարևոր բան էլ։ Վովա Գասպարյանն ասել է․ «Դեռ 60 տարի պաշտոնավարելու եմ, հաշտվեք այդ մտքի հետ»։

60 տարին ի՞նչ է, աչքդ թարթում, անցնում է, ի՞նչ եք խառնվել իրար։

Ու ամենակարևորը․․․ Վարչապետին երբ ասում էին, որ ինքը ուտում է սպիտակ գրեչկա, փլավ, ասում է՝ դե ասեք վերմիշել էլի՜․․․ Կարելի է այդ թեմայի շուրջ խոհարարական մի հատորյակ ստեղծել․․․ Մի տեսանյութ էի նայում, որի ողջ բովանդակությունն այն էր, թե վարչապետը քանի անգամ է գդալը տանում բերանը, անձեռոցիկ վերցնում, կողքին նստած կաթողիկոսն էլ, Աստված իմ, մեղք եմ անում, նույնպես հաց էր ուտում․․․

Ինչևէ, այսօր Հաղթանակի օրն է, բայց չմոռանանք լրագրողներս, որ դա օր է, երբ կարող ենք պաշտոնյաներին հարցեր տալ Հաղթանակից բացի ամեն ինչից։ Նույնիսկ Սասի Արտակից։ Գլոբալ իմաստով ինքը ևս հաղթող է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X