Ինչ է ուզում երեւանցին քաղաքապետից

Երեւանի ավագանու ընտրություններին մնաց ընդամենը 4 օր։ Այս օրերին մայրաքաղաքը պաստառապատված է, շրջիկ քարոզիչներով ու տեղական մասշտաբի հանրահավաքներով զբաղեցված։ Անշուշտ, ընտրակրքերը զիջում են խորհրդարանական ընտրությունների էմոցիաներին, եւ պատճառը ոչ միայն այն է, որ ընդամենը 3 քաղաքական ուժ է մասնակցում, այլ այն, որ որքան էլ Երեւանը կարեւոր տեղ զբաղեցնի մեր կյանքում, ի վերջո, ընդամենը մեկ քաղաքի, թեկուզեւ գլխավոր, իշխանություն ենք ընտրում։ Թեեւ պետք է արձանագրենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ամենաշնորհակալ, ամենաազդեցիկ ու ամենացանկալի պաշտոններից է՝ չկա քաղաքական պատասխանատվության այն աստիճանը, որն առկա է վարչապետի, ԱԺ եւ ՀՀ նախագահի պարագայում, բայց կան հզոր լծակներ ու գործունեության լայն դաշտ։ Եվ եթե վարչապետի ու նախագահի պարագայում խնդիրները հաճախ անլուծելի են ու վերջիններիս անձից քիչ կախված, ապա քաղաքապետի լուծելիք խնդիրները լոկալ են ու միանգամայն հաղթահարելի։ Ի վերջո, ի՞նչ է ուզում երեւանցին իր քաղաքապետից։ Եթե պարզեցնենք խնդիրը, ապա գրեթե նույնը, ինչ սովորաբար պահանջում ենք ընտանիքի հորից՝ խնամք, հոգածություն, ֆինանսական ապահովություն, ջերմ ընտանեկան մթնոլորտ։ Իսկ եթե ձեւակերպենք լուծելիք խնդիրները, ապա՝ կանաչ տարածքի հնարավորինս ընդլայնում, լիարժեք աղբահանություն, նորմալ քաղաքային տրանսպորտ, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների բարեխիղճ աշխատանք։ Այնպես, որ անցումներում գարշահոտ չտիրի, որ մայթերն ու փողոցները հարթ ու հեշտ երթեւեկելի լինեն, կանգառները՝ բարեկարգ, վերելակները՝ աշխատող, մուտքերը՝ նորոգված։ Վթարները շուտ վերացվեն։ Հին շենքերը չքանդվեն, իսկ նորերը՝ հավերժ չկառուցվեն։ Որ Երեւան ժամանած զբոսաշրջիկներն ուզենան կրկին այցելել։

Մեկնաբանություն
X