Կոտրենք կարծրատիպերը

Ես կարծրատիպեր կոտրելու կողմնակից եմ։ Որքան էլ երբեմն դա ցավոտ լինի ու ձեւավորված բարոյական նորմերին հակասող, մեր հասարակությունը միայն կշահի դրանից, քանզի մենք խիստ ավանդապաշտ ու հնից կառչած ազգ ենք եւ նորի, թարմի, անսովորի կարիքը շատ ունենք։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ազգային արժեքների ու տնտեսական կացութաձեւի մասին է, այլեւ պարզ կենցաղավարման։ Անգամ ընտանիքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների ոլորտում մենք հեղափոխության կարիք ունենք։ Ասենք, ժամանակին շատերը մեղադրում էին Պուտինին ու նրա կնոջը՝ ամուսնալուծության համար, այժմ բուռն քննարկում են Մակրոնի եւ նրա կնոջ տարիքային տարբերությունը, մինչդեռ ես համոզված եմ, որ այդ փաստերը միայն առաջընթացին են ծառայում՝ կոտրում են ավանդապաշտների պատկերացումներն ընտանիքի, միջանձնային հարաբերությունների, կենցաղի հարցերում։ Աշխարհը բոլորովին չէր սպասում, որ ԱՄՆ նախագահ կընտրվի այնպիսի ոչ ստանդարտ անձ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, բոլորը կանխատեսում էին ավանդապաշտ ու խիստ ամերիկյան թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակը, սակայն կատարվեց հակառակը, եւ մարդկանց պատկերացումներն ԱՄՆ նախագահի, ընդհանրապես՝ նախագահի կերպարի մասին կտրուկ փոխվեցին։ Ոչ ոք չէր ակնկալում, որ Ֆրանսիան կարող է քվեարկել Մարին Լը Պենի օգտին, եւ բազում փաստարկներ էին բերվում ի վնաս նրա, սակայն ֆրանսիացիների մի հսկա հատված ապացուցեց, որ ավանդական մտածողությունը լքում է նաեւ եվրոպական մայրցամաքը։ Հարյուրամյա դեմոկրատական ավանդույթներ ձեւավորած Արեւմուտքը զարմացնում է իր անսպասելիությամբ։ Եվ դա արտահայտվում է ամեն ինչում՝ հանրային պահվածքի, կարծիքի, կենցաղավարման, այլ ազգերի նկատմամբ վերաբերմունքի, իր իշխանության հանդեպ պահանջների մեջ։

Մեկնաբանություն
X