Էրդողանի քայլերը կապիկությո՞ւն են, թե՞ ինքնասպանություն

Ինչպես երեւում է, Թուրքիայի պատմության մեջ Էրդողանն իրոք կանգնելու է Քեմալ Աթաթուրքի կողքին՝ նա, որպես Թուրքիայի Հանրապետության առաջին, Էրդողանը՝ վերջին նախագահ: Գոնե առերեւույթ ամեն ինչ դրան է տանում, եւ դժվար է հասկանալ, թե Էրդողանն ինչ է մտածում: Գիտակցությունը սթափ վիճակում հնարավո՞ր է երկրում երկու անհաշտ թշնամական ճամբարներ ստեղծել եւ դրանց միջեւ բեւեռացնել ողջ հասարակությանը, այդ երկատմանը զուգահեռ բնակչության գրեթե մեկ երրորդի հետ եւ տարածքի գրեթե մեկ երրորդում պարտիզանական պատերազմի մեջ ներքաշվել, այդքանից հետո էլ դեռ կապիկություն անել, թե իբր կարող ես կտրել ծառի այն ճյուղը, որին նստած ես: Իսկ Էրդողանը հենց այդ երեքն է անում՝ միաժամանակ:

Ապրիլի 16-ի հանրաքվեն, դրան հաջորդած ցույցերը, ձերբակալությունները, ԵԽ մոնիտորինգի ներքո հայտնվելը բացահայտեցին, թե ինչ բեւեռացման է հասել Թուրքիայի հասարակությունը: Սակայն ԵԽ մոնիտորինգի ներքո հայտնվելը, փոխարեն ահազանգ համարելու եւ ուղղվելու, չգիտես թե ում եւ ինչ ապացուցելու համար Էրդողանը սաստկացրեց ձերբակալությունները՝ եւս մի քանի հազար հոգու բանտարկելով եւ հազարավոր ուրիշներին աշխատանքից ազատելով: Ազգայնական MHP-ն էլ, որ խորհրդարանում աջակցեց Էրդողանին սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի փուլ հասցնելուն, այժմ մահապատժի վերականգնման նախագծի լոբբինգն է սկսել: Հնարավոր է դա արվում է Էրդողանի սցենարով եւ թելադրանքով, որպեսզի MHP-ի հետադիմության, բռնապետականության եւ ազգայնականության խորքին Էրդողանի իշխող AK կուսակցությունը դրական լույսի ներքո երեւա աշխարհին: Բայց նման հնարքներն անիմաստ են, քանի որ Բրյուսելից հայտարարել են, որ «Թուրքիայի եվրոպական երազանքն ավարտված է»: Ընդդիմադիր CHP-ն էլ, ճիշտ է, երդվում է «մինչեւ վերջ պայքարել» Թուրքիայում ժողովրդավարությունը պաշտպանելու եւ երկիրը դեպի Եվրոպա առաջնորդելու համար, բայց չի որոշակիացնում, թե որն է «վերջը»: Մինչդեռ ներկա դրությամբ ամենից մոտ թվում են Թուրքիայի փլուզումն ու վերջը:

Թուրք-քրդական բախումները փլուզման տանող երկրորդ գործոնն են: Ապրիլի 16-ի հանրաքվեից առաջ թե հետո Թուրքիայի ՆԳՆ-ն տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ 2015-ի ամռանից, քրդերի հետ բախումների վերսկսումից ի վեր Թուրքիայի զինուժը շուրջ տասը հազար քուրդ գրոհային է չեզոքացրել: Կարելի է չկասկածել, որ քրդերն էլ մի քանի հազար թուրք չեզոքացրած կլինեն, քանի որ հենց միայն ահաբեկչությունների վիրավորներն ու զոհերն են հազարներ կազմում: Այս թվերն ինչո՞վ են հետաքրքիր: Նրանով, որ սովորաբար ասվում էր, թե 1980-ականների սկզբից մինչեւ 2010-ականներ քրդական շարժումները Թուրքիայում քառասուն հազար զոհ էին տվել: Փաստորեն, որքա՜ն է բախումների ծավալն ընդլայնվել եւ ուժգնացել, որ այժմ երկու տարում զոհվում է այնքան քուրդ, որքան նախկինում մի ամբողջ տասնամյակում: Այժմ նաեւ որակական տարբերություն կա՝ զոհվող քրդերն իրենց հետ ավելի շատ թուրքերի են մահվան տանում: Թուրք-քրդական բախումները Թուրքիայում ծավալվում են հիմնականում Արեւմտյան Հայաստանի տարածքում: Անշուշտ, զոհերի ու ավերածությունների ծավալումն այստեղ անխուսափելիորեն հանգեցնում է կենսապայմանների, ենթակառուցվածքների ոչնչացման, բնակչության տարագրման: Եթե հավատանք թուրքական լրատվամիջոցներին, ապա Արեւմտյան Հայաստանի տարածքի բազմաթիվ բնակավայրերում ապրիլի 16-ի հանրաքվեին այլեւս ընտրող չկար, հազարավոր ընտրողներ ունեցած բնակավայրերը դատարկ էին: Բնականաբար, որքան բախումները ծավալվեն ու ուժգնանան, այնքան արագ կդատարկվի եւ կմաքրվի Արեւմտյան Հայաստանի տարածքը, ինչպես ամայացել են Իրաքի եւ Սիրիայի բազմաթիվ տարածքներ:

Գալով Էրդողանի վերջին արկածախնդրությանը՝ կեցվածք ընդունելուն եւ մեծախոսելուն, թե իբր Թուրքիան կարող է գոյատեւել Եվրոպայի հետ լարված հարաբերություններով կամ առանց Եվրոպայի, դա նման է այն ծառի ճյուղը կտրելուն, որին նստած ես: Էրդողանի մտքով թող միայն անցնի Եվրոպայի հասցեին իր մեծախոսությունները կյանքի կոչել, տեսնենք Թուրքիայից ի՞նչ կմնա: Որ պատմական էքսկուրս չանենք, հենց միայն նախօրեին, մայիսի 9-ին կատարվածին անդրադառնանք: Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Թրամփը Պենտագոնին թույլատրեց զինել սիրիացի քրդերի զորաջոկատները՝ YPG-ն, ISIS-ից Ռաքքայի արդյունավետ ազատագրում ապահովելու համար: Ընդ որում, ըստ մասնագետների, YPG-ին մատակարարվելու են թեթեւ սպառազինություն եւ զինտեխնիկա, ամենեւին ոչ թանկ կամ արդյունավետ զինատեսակներ: Այդուհանդերձ, քրդերին այդ թույլ զինամատակարարումն էլ փոթորիկ է բարձրացրել Թուրքիայում, երկրի փոխվարչապետը բառացիորեն ասել է. «Մենք չենք կարող հանդուրժել ահաբեկչական խմբավորումներ, որոնք վտանգում են թուրքական պետության ապագան»:

Եթե խեղճուկրակ YPG ջակատները, իրենց կիսատ-պռատ զինվածությամբ, ռազմական գիտելիքներից հեռու գեղջկական մարդուժով կարող են թուրքական պետության գոյությունը հարցականի կամ վտանգի տակ դնել, ապա ի՞նչ արժեք, ուժ կամ կենսունակություն ունի այդ պետությունը: Իհարկե, YPG-ն չի կարող Սիրիայի տարածքից Թուրքիայի ապագան վտանգել, բայց եթե YPG-ի զենքերը, որքան էլ անպետք ու ժամանակավրեպ, փոխանցվեին Թուրքիայի քրդերին՝ ի դեմս PKK-ի ճյուղավորումների, էլ չասած՝ YPG-ի խողովակով արտերկրից ուղղակի PKK-ին զինեն, այդ դեպքում Թուրքիայի ապագան իրոք լրջորեն, չասելու համար՝ հիմնահատակ կվտանգվի: Թուրք-քրդական քաղաքացիական լայնածավալ պատերազմում քրդերը գուցեեւ լիովին տարագրվեն կամ վերանան, բայց Թուրքիայից ու թուրքերից էլ այդ դեպքում Սեւրի դաշնագրով նախատեսվածից ավելի մեծ կտոր դժվար թե մնա:

Իսկ եթե Էրդողանը շարունակի Եվրոպայի հետ լեզվակռիվների, հարաբերությունների վատթարացման ներկա ընթացքը, դրան զուգադրելով Ռուսաստանի եւ Իրանի հետ ցուցադրական սիրախաղերի, Ասադի հանցագործությունների հանդեպ աչք փակելու, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր (C-400) գնելու եւ Ռուսաստանի աջակցությամբ ատոմակայան կառուցելու հավակնությունները, կարծելով, թե ինքը Քեմալ Աթաթուրքն է, ժամանակներն էլ՝ 20-րդ դարասկիզբը, չարաչար կսխալվի: Թուրքիան եթե շարունակի քիթը ՆԱՏՕ-ի ուղեծրից հանելու զոնդաժները, հնարավոր է ոչ թե YPG-ի զինված ջոկատներ տեսնի Սիրիայի տարածքում կանգնած, այլեւ ուղղակի ինքզինքը գտնի քրդերի հետ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված: Քրդերին կարող է զինել թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը՝ երկու դեպքում էլ Թուրքիան վերահսկողության տակ առնելու համար: Հետեւաբար, Էրդողանի կողմից ներկա հարաբերությունների լարումը Եվրոպայի եւ պոտենցիալ առումով ՆԱՏՕ-ի հետ որքան էլ նման է կապիկության, դյուրությամբ կարող է վերածվել քայլերի, որ Թուրքիան տանեն ինքնասպանության:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X