Մեդիախոհանոց. Գյուղական կյանքը՝ գրեթե կադրից դուրս

Մամուլին, լրատվական կայքերին ակնդետ հետեւող ընթերցողը հաճախ է բողոքում՝ ինչո՞ւ լրագրողները ժամանակ առ ժամանակ չեն այցելում գյուղեր, լուսաբանում գյուղացու չարքաշ կյանքը, նրա սոցիալական խնդիրները։ Առհասարակ՝ ինչո՞ւ է լրագրությունը կենտրոնացել մայրաքաղաքային անցուդարձի, ներքաղաքական եւ ներիշխանական պարզունակ ինտրիգների վրա, որոնք շարքային քաղաքացու կյանքում մեծ հաշվով ոչինչ չեն փոխում։ Ինչո՞ւ պետք է այդ դեպքում գյուղական բնակչությունը շահագրգռված լինի թերթ գնելու, երբ նրա առօրյայի, իրավունքների մասին անդրադարձերը լինում են հազվադեպ, այն էլ՝ այն ժամանակ, երբ որեւէ քաղաքացի կոնկրետ խնդրով զանգահարում կամ այցելում է թերթի խմբագրություն եւ ներկայացնում իր բողոքը։
Նախկինում մարզային, համայնքային կյանքը լուսաբանող նյութերի պակաս կարծես թե չէր զգացվում։ Գոնե մարզերից Երեւան եկած լրագրողներս, երբ արձակուրդից հետո վերադառնում էինք խմբագրություն, մեր պարտքն էինք համարում գյուղական, մարզային կյանքը լուսաբանող հոդվածներով հանդես գալ։ Այսօր լրահոսին հետեւող ընթերցողը սահմանամերձ գյուղերի, Արցախի առօրյայի մասին մեծ մասամբ պատկերացում է կազմում այնտեղից ուղարկված հատուկենտ թղթակցությունների միջոցով։ Իսկ հատկապես սահմանամերձ բնակավայրերում եւ Արցախում մշտապես գործող սեփական թղթակիցներ ունենալու շռայլություն միայն շատ քիչ խմբագրություններ կարող են իրենց թույլ տալ։ Ասենք՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը մեծ մասամբ հիշվում եւ հիշատակվում են, երբ հակառակորդի հարձակմանն են արժանանում, երբ այնտեղ տուժում է խաղաղ բնակչությունը կամ զինծառայող է զոհվում։ Այդ ժամանակ էլ նշվում է, թե կոնկրետ որքան վնասներ է հասցրել ադրբեջանական կողմի ռմբակոծությունը, ովքեր են տուժել։ Իսկ թե այդ ռմբակոծությունից հետո ընկած ժամանակահատվածում ինչպես, ինչ խնդիրներով են ապրում, ասենք, Չինարիի կամ Բաղանիսի գյուղացիները, ինչու են մարդիկ արտագաղթում, քանի՞ աշակերտ ունեն, օրինակ, այդ գյուղերի դպրոցները, եւ նրանց օրեցօր նվազումը որքանով է աղերսվում ազգային անվտանգությանը՝ իշխանությունների, հասարակության, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում են դեպքից դեպք։ Փոխարենը նման ռմբակոծություններից հետո երբեմն սփռվում են «ուռա-հայրենասիրական» բնույթի ռեպորտաժներ այն մասին, որ անգամ բարձր ռիսկայնության եւ ռմբակոծությունների պայմաններում էլ մարդիկ շարունակում են ապրել հայրենի գյուղում, կիսավեր տներում, կարիքի եւ աղքատության մեջ։ Իշխանությունների «ուղերձը» գյուղական բնակչությանը, փաստորեն, այսքանով էլ սահմանափակվում է՝ շարունակեք ապրել այդպես, ձեզ միայն կհիշենք ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, հավուր պատշաճի, երբ նախընտրական շրջանում հարկ է լինում այցելել եւ խոստումներ տալ նաեւ գյուղական բնակչությանը։ Այդ ժամանակ էլ չեն դադարում վերլուծաբանների «խորիմաստ» դատողություններն այն մասին, որ գյուղական համայնքներում կա խորը կախվածություն տեղական չինովնիկներից ու մարզպետներից, որոնք հոգում են անպաշտպան գյուղացիների կարիքները՝ հընթացս պահանջելով, որ նրանք ընտրությունների ժամանակ քվեարկեն՝ հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի։

Իսկ գյուղական բնակչության, գյուղացու կյանքը, նրա պատկերացումները բազմաշերտ ու տարողունակ են եւ կարող են հետաքրքիր նրբերանգներ հաղորդել մեր ուրբանիզացված լրագրությանը։ Նաեւ՝ խորհելու տեղիք տալ մեր տարբեր աստիճանի պաշտոնյաներին՝ գյուղական համայնքներում իրական բարեփոխումներ անցկացնելու, նրանց չօգտագործված ներուժը գնահատելու հարցում։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X