«Իրա վենդավ քյացալ ա բանակ, մհեկ էլ պիրում են․․․»

Այսօր Տեղ գյուղը սպասում էր իր զինվորին։ Ողջ գյուղը սիրում էր նրան՝ խելոք, լուսավոր, բարի։ Գորիսի համալսարանի առաջին կուրսի ուսանող էր։

-Իրա վենդավ քյացալ ա բանակ, մհեկ էլ պիրում են այ քեր,- իմ զանգին այսպես պատասխանեց գյուղի բնակիչներից մեկը։- Մորը աշկերը քուռանան, էլ մեր չկա, էլ Հրանուշ չկա․․․ Հերը էրկու տարի առաջ ա մեռալ, երանի նրան, վեր տըսնալու չի․․․

Ասում ու երեխու պես լաց էր լինում։

-Բարեկա՞մ է ձեզ,- հարցրի։

-Է՜, կուճի գյուղա, լոխ իրար պարիկամ ենք․․․

Քիչ առաջ նորից զանգեցի՝ իմանալու Գագիկը գյուղու՞մ է արդեն։

-Պիրալ չեն,-ասաց գյուղացին, ընդեղան եմ կյամ, ասում են՝ էգուց են պիրիլու․․․

-Գյուղում ի՞նչ են խոսում,- հարցրի։

  • Ուրան հինգերին են փռնալ՝ Արմանին։ Հակոբյան Արմանը մեր կողքի գյուղանա՝ Հարթաշենից։ Միասին բանակ են քինացալ, միասին ծառայալ, մոտիկ հինգերներ են իլալ։ Յանի հինգերը հինգերին կսպանի՞․․․ Հինչ ասեմ, գյուդում չեմ․․․

  • Հարազատներից ու՞մ հետ կարող եմ խոսել,- հարցրի։

-Վեշ մինի,- ասաց,- լոխը մեռած են, թաղած չեն․․․Մորը մի լուս օներ, հընցավ․․․Էտ մի տղան էր։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել,որ Գ.Մեսրոպյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։

Նախաքննությունը շարունակվում է:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X