Վատ սովորության ուժը

Գործող իշխանությունն անտանելի է դարձել ոչ միայն անարդյունավետ, ինքնանպատակ ու ինքնահոս ընթացքի, կոռումպացվածության, համատարած տապալումների, բարոյահոգեբանական ճգնաժամի եւ տասնյակ ուրիշ պատճառներով, այլեւ ավելի առարկայական ու անհաղթահարելի մի խոչընդոտի՝ ֆիզիկապես անտանելի դարձած որոշ դեմքերի ու ձայների, որոնք հասարակության շրջանում բացառապես բացասական էմոցիաներ են առաջացնում: Ասենք, 6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն ինչո՞վ է տարբերվելու 5-րդ գումարման ԱԺ-ի խմբակցությունից: 58 հոգուց 50-ը երեւի նույն մարդիկ են՝ «ով ավանակ՝ մենք փալան» կարգախոսով կյանքն ապրող, Սերժ Սարգսյանին իմաստուն առաջնորդ ու ՀՀԿ-ի հայր կոչող, երբեւէ նրան չհակադրված ու նրա ստվերից անգամ վախեցող: Մխիթարականը թերեւս այն էր, որ բարձր իշխանության հասցեին քծնանքն ամփոփվում էր ՀՀԿ-ի շրջանակում՝ Մելիք-Ադամյանի գրասենյակում: Այժմ Սարգսյանի «հայրությունն» ու ՀՀԿ-ի «իմաստուն առաջնորդությունը» որոշել է հինգ տարով ընդունել նաեւ 125 տարվա պատմություն ունեցող, այդ երկարուձիգ հարյուրամյակում ցարական գահից մինչեւ երիտթուրքական առաջնորդների, հիտլերյան զինուժի ու խորհրդային հետախուզության հետ համագործակցած-մարտնչած, երկար փորձություն անցած ազգային կուսակցությունը՝ ՀՅԴ-ն: Երբ 2016-ի փետրվարին էին ՀՅԴ-ականները համագործակցություն կնքում ՀՀԿ-ի հետ, դեռ կարելի էր հասկանալ, որ դա անում են հանուն գործադիրում պորտֆելներ վերցնելու, վարչական ռեսուրսներ տիրապետելու եւ դրա շնորհիվ ընտրազանգված ձեւավորելու ու ԱԺ-ում մանդատներ ունենալու համար: Իսկ ԱԺ-ում 5 տարով 7 մանդատ ձեռք բերելուց հետո ի՞նչն է ՀՅԴ-ին մղում ՀՀԿ-ի առաջնորդությունն ընդունել: Արդյոք վատ սովորությա՞ն ուժը, թե՞ ախորժակն ուտելիս է բացվում։

Մեկնաբանություն
X