Կդիմանա՞ վարչապետը մարտահրավերին․․․

Քաղաքական վերաձևումների ֆոնին մի հետաքրքիր նյուանս կա։ Այն փաստը, որ ՀՀԿ-ն «իրենով է արել» ողջ քաղաքական դաշտը ու թելադրողն ինքն է, առաջին հայացքից կարող է հանրության համար փոփոխությունների առումով անհուսալի թվալ։ Ամեն ինչ վերջացավ, կրկին նույն մարդիկ իշխանության ղեկը առան, այս անգամ արդեն ավելի «փորձված ու իմաստնացած»։ Այս անգամ արդեն ընդդիմությանն էլ «մարսած»։

Կարող է թվալ, թե գործող իշխանությունը վերարտադրվելուց հետո «խաղը վերջացավ»։ Այլևս անիմաստ է ակնկալել որևէ փոփոխություն։

Ինչան էլ ասենք, որ Կարեն Կարապետյանը եկել էր գործող իշխանությանը օգնելու, միայն այդքանը, տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։ Փորձենք հասկանալ, թե Կարեն Կարապետյանը նման իրավիճակում ինչ ճանապարհով կարող է գործել և կա՞ արդյոք դիրքերը ամրապնդելու քայլ։

Կարեն Կարապետյանը, լինելով իշխանության մեջ, կմնա օտար։ Արդեն հնչում են մեկնաբանություն- վերլուծություններ, որ վարչապետին մնում է «վեշերը հավաքել ու գնալ»։ Բայց այստեղ մի փոքրիկ նյուանս կա, որ վարչապետը կարող է օգտագործել։

Հանրության մեջ իշխանության հետ չլինելը, օտար լինելը կարող է օգնել Կարեն Կարապետյանին։ Միայն այն պարագայում, եթե հանրությունը համոզվի, որ վարչապետն իրոք ինչ որ փոփոխություններ է ուզում անել ու խոչընդոտների է հանդիպում։ Նման պարագայում վարչապետը, եթե կարողանա օգտագործել իշխանության մեջ իր օտար, անցանկալի լինելու գործոնը, այն կարող է շատ ավելի զորեղ լինել, քան ամենակարող թվացող թիմը։ Սա մի փոքրիկ լուսանցք է, որտեղով կարելի է մտնել ու գործել։ Առաջիկա մեկ տարին փոքր ժամանակ չի՝ դիրքային պայքարի, առավելության հասնելու համար։

Անխոցելի թվացող պատը կարող է տեղի տալ՝ անընդհատ նույն կետին խփող կաթիլի դեմ․․․

ՀՀԿ- ն իր դիքային առավելությունը կարող է պահպանել հետևյալ դեպքում։ Երբ հանրությանն ի ցույց դնի, որ բոլոր հնարավորությունները, ազատությունը տրվում է վարչապետին, բայց սայլը տեղից չի շարժվում։ Որ վարչապետը այդքանով հանդերձ մնում է հանձնարարականներ տալու շրջանակում։ Կարևոր է նաև, որ հանրությունն անընդհատ վարչապետից լսի, որ ինքը ՀՀԿ-ին է սատարում, որ ինքը իշխանության հետ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր ծրագրերը չտապալվեն․․․ Վարչապետը իրենցից մեկն է,- հանրությունը այդպես պիտի ընկալի։ Եվ ի վերջո նա ՀՀԿ-ի փոխնախագահն է։ Չմոռանանք՝ առանց լուրջ լծակների։

Կդիմանա՞ վարչապետը մարտահրավերին։ Կախված է հետևյալից։

Վարչապետին մնում է ընտրել երկու վիճակներից մեկը։ Կամ քայլ առ քայլ օտարվել իշխանությունից, հանրության միասնության սանձը վերցնելով իր ձեռքը, կամ որպես իշխանության մաս, պատեհ պահի հրաժարական տալ։

Մինչ այդ մեր բոլոր վարչապետերը կատարել են համակարգին, իշխանությանը զրահ լինելու սուրբ գործը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X