Ախպեր, ներող․․․ ես չէի ուզում

Թշնամու կողմից զոհված զինվորի ցավը մի ուրիշ ցավ է։ Շատ եմ առնչվել։

Ցավի հետ մեկտեղ ծնողին, հարազատին, ազգին սփոփանք է տրվում՝ հայրենիքի համար է զոհվել․․․ Ցավն ու հպարտությունը, ցավն ու արժանապատվությունը նման դեպքերում միշտ իրար հետ են լինում, մարդուն նեցուկ․․․

Բայց երբ հայ զինվորը հայի զենքից է սպանվում, է՜լ ցավին դարման չկա։

Ցավալի է լսել, որ ծառայակիցը սպանվել է ծառայակցի կողմից, անուններ չեմ տա՝ գործի քննության շահերից ելնելով, բայց մի երկու բան կուզեի ասել, որովհետև նման դեպքերը շատ են կրկնվում։

Գաղտնիք չի, որ 18 տարեկան զինվորի արյունը գարնան պես տաք է ու մի փոքր անզգույշ խոսքից կարող է կրակի պես բռնկվել։ Միջանձնային հարաբերությունները հեշտ չէ կարգավորելը և կարևոր է, որ հրամանատարը հոր դեր տանի, իր երեխաների պես հասկանա նրանց։ Այնպես անի, որ զինվորները կիսվեն իր հետ։ Հրամանատարը միշտ չի կարող լինել նրանց հետ, բայց դաստիարակչական խոսքը հզոր ուժ կարող է ունենալ նույնիսկ առանց նրա ներկայության։

Մի հրամանատար էր պատմում․

Զինվորը եկավ ու ասաց՝ « Էսինչը ինձ մերով հայհոյեց», քիչ էր մնում հրացանս քաշեի, մեկ էլ հիշեցի խոսքդ՝ գնա, հանգիստ մի տեղ նստի, մտածի, հետո որոշում կայացրու։ Երբ մի 10 րոպե հանգիստ նստեցի, մորս հայհոյողը եկավ ու ասաց՝ ախպեր, ներող․․․ ես չէի ուզում․․․

Ձեռքը ինձ մեկնեց, ես սեղմեցի, իսկ նա հուզմունքից չէր կարողանում խոսել․․․

ՀԳ
Զինվոր միշտ հիշիր, որ քո դիմաց թշնամի չի կանգնած, քո ընկերն է, հարազատը, ով կարող է անզգուշաբար խոցել քեզ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X