Եվրոպան մերժեց «թանկարժեք» շոուն․ Արծվիկը կրկնեց Դորիանսի «վատագույն» արդյունքը

>

Հայաստանն այս տարի եվրատեսիլյան իր պատմության մեջ կրկնեց եզրափակիչ փուլի ամենավատ արդյունքը՝ 18-րդ հորիզոնականը։ 2013 թվականին, Շվեդիայում նույն արդյունքը գրանցեց Դորիանս խումբը՝ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet («Միայնակ մոլորակ») երգով։ Սակայն այս տարի Հայաստանը ներկայացրեց «ամենաթանկ» շոուն եվրատեսիլյան մեր պատմության մեջ։ Բեմի վառ, ժամանակակից լուսավորությունը, պատկերները, շվեդ պարողներն ու Ֆաինայի զգեստները չօգնեցին Արծվիկին՝ գրավելու Եվրոպայի սիրտը։ Եվրոպան ընտրեց «խաղաղությունն ու մինիմալիզմը»։

Իր վոկալային տվյալներով աչքի ընկնող Արծվիկը, որը Կիև մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մրցակիցներ չունի և գնում է Հայաստանի անունը բարձր պահելու համար, պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, հանդիսատեսի քվեարկությամբ ու միջինացված ցուցանիշով՝ 18-րդ։ Eurovision.tv-ի հրապարակած արդյունքների համաձայն էլ՝ Արծվիկը առաջին կիսաեզրափակչում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ հավաքելով 152 միավոր (87-ը ժյուրիից, 65՝ հեռուստադիտողից): Հիշեցնենք, որ Արծվիկի «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Հայաստանի տարբեր տարիների արդյունքները «Եվրատեսիլում»

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը, որը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականի Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր «Without Your Love» երգով։ Նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 2007 թվականին Հայաստանը ներկայացրեց Հայկոն՝ «Anytime You Need» երգով և նույնպես զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 2008 թվականին Սիրուշոն Եվրատեսիլի հայաստանյան պատմության մեջ գրանցեց ամենալավ արդյունքը՝ 4-րդ հորիզոնական, «Քելե Քելե» երգով։ 2009 թվականին Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրին 10-րդ հորիզոնականը՝ «Ջան- Ջան» երգով։ 2010 թվականին Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ 2011 թվականին Հայաստանն առաջին անգամ չանցավ կիսաեզրափակիչ փուլ․ Էմմին ներկայացրեց «Boom Boom» ստեղծագործությունը։ 2012 թվականին Հայաստանը չմասնակցեց Եվրատեսիլ մրցույթին, քանր որ այն անցկացվում էր Ադրբեջանում։ 2013 թվականին Դորիանս խումբը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ «Lonely Planet» երգով։ 2014 թվականին Արամ mp3-ին կրկնեց եվրատեսիլյան հաջողությունը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ 2015 թվականին Genealogy խումբը ներկայացրեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորզոնականը։ 2016 թվականին Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով հայտնվեց 7-րդ հորիզոնականում, իսկ արդեն այս տարի՝ 2017 թվականի Արծվիկը «Fly With Me» երգով գրավեց 18-րդ հորիզոնականը։

Եվրոպան ընտրեց «խաղաղությունն ու մինիմալիզմը»

Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում առաջնայինը երգն է, հետո՝ արտիստը։ Սակայն երեկ, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած հերթական եվրատեսիլյան մրցույթն ապացուցեց, որ առաջնայինը հավասարապես և արտիստն է, և երգը։ Պորտուգալիան ներկայացնող Սալվադորը ժյուրիի և հանդիսատեսի ձայների ճնշող մեծամասնությամբ դարձավ բացարձակ առաջատարը։ Հետաքրքրական է, որ Պորտուգալիան 26 երկրների ներկայացուցիչներից միակն էր, որն աչքի չընկավ շքեղ շոուով, բեմական գեղեցիկ լուսավորությամբ, հագուստով, նույնիսկ երգիչը երգելու համար նախընտրել էր ոչ թե եվրատեսիլյան հիմնական բեմը, այլ՝ երկրորդականը, չափսերով ամենափոքրը։ Մինիմալ լուսավորությամբ, ավելորդ պատկերներով չուղեկցվող երգը գերեց ողջ Եվրոպային։ Նշենք, որ հայաստանյան ժյուրին ևս ամենաբարձր միավորը շնորհեցին Պորտուգալիայի ներկայացուցչին։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X