Գնացեք ընտրության

Քաղաքացուն ոչ քաղաքացուց տարբերակումն, ըստ իս, անցնում է ընտրական իրավունքի իրացման միջով։ Որքան ուզում է դու օրինավոր քաղաքացի լինես՝ հարկեր վճարես, օրենքներ չխախտես, ճանապարհն անցնես կանաչ լույսի տակով․․․դու քաղաքացի չես կարող համարվել եթե արհամարհում ես ընտրությունները եւ տարբեր պատճառաբանություններով, իրականում՝ պատրվակներով, չես գնում քվեարկության։

Փորձեմ բացատրել ասելիքս․ Չկայացած ընտրական համակարգ ունեցող երկրներում անշուշտ մեծ է հիասթափությունը ընտրություն կոչվող միջոցառումից։ Դրա համար մեր իշխանությունները 25 եւ ավելի տարիներ, պարզապես, «ջանք ու եռանդ» չեն խնայել։ Եւ կարողացել են վարկաբեկել այն՝ քաղաքացիներին ներշնչելով, որ ձեր քվեարկությամբ ոչինչ չի փոխվի, ձեր ձայնը ոչինչ չարժի, միեւնույնն է՝ իշխանության կողմնակիցները գնալու են-բերվելու են ընտրության, նաեւ՝ կարուսելներ ու ընտրողների կեղծ ցուցակներ են լինելու ու եթե խոսվում է 300-400 հազար ձայն կեղծելու մասին, ապա «քանի կոպեկ արժե ձեր մեկ հատիկ ձայնը»։ Այս տրամաբանությունն, ինչպես ասում են, տասնամյակներ շարունակ կաթիլ-կաթիլ ջրի նման «ծակել» է քաղաքացիական գիտակցության «քարը» եւ պասիվությունը, ընտրություններին չմասնակցելը դարձել է հասարակության ինքնապաշտպանության մի ձեւ։ Երբ չես մասնակցում կանխորոշված ելքով միջոցառումներին, դու հոգեպես, բարոյապես նախընտրելի՝ պաշտպանված վիճակում ես հայտնվում։

Բայց այս մթնոլորտն ու հոգեվիճակը հենց իշխանության, ընտրակեղծարարների, ընտրական մեխանիզմներ աշխատացնողների ուզածն է։ Սրանից լավ բա՞ն․ Ընդդիմադիր, անկախ, իշխանության թելադրանքով չգործող մասսան պասիվ է, իսկ կառավարելի, կաշառվող, հլու-հնազանդ քվեարկողների բանակը՝ պատրաստակամ։ Արդյունքում ստացվում է, որ բողոքականները գործում են հենց նրանց օգտին, ումից դժգոհ են եւ չէին ուզենա նրանց օգտակար լինել։

Ի վերջո, կա երկու փաստարկ, որոնք խոսում են ընտրության գնալու օգտին՝ անկախ նրանից, թե ինչպես եք դուք քվեարկելու։

Նախ․ երբեք եւ ոչ մի երկրում ընտրական համակարգը չէր կայանա, եթե մարդիկ հիասթափվեին, ձեռքները թափ տանեին եւ իրենց տներում նստեին՝ դաշտը թողնելով հետադիմություն, բացասական էներգիա փոխանցող մարդկանց, վերարտադրվել փորձող իշխանավորներին։ Ցանկացած առաջընթաց պահանջում է պրոցեսները ղեկավարող եւ պրոցեսներին մասնակցող ակտիվ մարդկանց բազմություն եւ որքան այդ բազմությունը մեծ է ու ակտիվ, այնքան շուտ է գալիս բաղձալի օրը։ Ուրեմն մի զլացեք եւ մասնակցեք քվեարկությանը։

Եւ երկրորդ, յուրաքանչյուրը հաշվետու է իր Աստծու եւ խղճի առաջ։ Դուք արեք ձեր անելիքը եւ վարձատրված կլինեք։ Ձեր ոչ մի գործողություն անհետեւանք չի անցնի եւ երբ պահը գա, այն կգնահատվի։ Այնպես որ մասնակցեք ընտրության եւ քվեարկեք ձեր խղճի մտոք։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X