Ամեն ընտրությունից հետո այս պատմությունն եմ հիշում ու ծիծաղում․․․

Անփորձ հարս էի։ Կեսուրս «Մի բանակ հավ էր պահում»։

Սեփական այգի ունեինք, բալն այնքան շատ էր, որ շերտ- շերտ լցնում էինք բանկաների մեջ, շաքարազ ցանում ու դնում արևի տակ։ Արյան պես ալ կարմիր հյութը լցվում, ծածկում էր բալի հատիկները։ Ձմեռն այդ հյութը խառնում էինք մեր քաշած օղու հետ և «ճխթթվով» (կարմիր բազուկի թթու) ու վառարանում խորոված «կարտոշկով» անուշ անում։

Օղու մեջ թրմված բալի հատիկները թափում եմ հավերի առաջ։ Դե ինչ ուտելիք ավելանում էր, հավերին էինք տալիս։ Անու՜շ- անու՜շ ուտում են։

Մի ժամ հետո կեսուրիս ձայնն եմ լսում՝ «չումայա ինգալ, հավերս լոխ սատկալ են»։

Դուրս ենք թափվում և տեսնում, որ հավերը անշարժացել են։ Կեսուրս տաք ջուրը վերցնում ու հավերին սկսում է փետրել․․․ Մեկ էլ, ա՜յ քեզ բան, հավերը փետրահանված այս ու այն կողմ են թռչում ու սկսում գժություններ անել։ Մենք, որ դիտորդի կարգավիճակում էինք, ծիծաղից մեռնում էինք՝ չգիտեինք ում վրա ծիծաղեինք՝ փետրողի՞, թե փետրահան եղած հավերի՞․․․

Կեսուրս սատանա տեսածի նման աչքերը լայն բացել ու սառել էր, հավերն էլ տկլոր «կանցերտ էին տալիս»։

Վերջը տևական նախաքննությունից հետո խոստովանեցի, որ հավերին օղու մեջ թրմված բալի հատիկներ եմ տվել։ Ասաց՝ բա էլ ի՜նչ էիր ուզում։

Ինչու հիշեցի այս պատմությունը։ Ընտրության ժամանակ ոչ թե անգիտակցաբար, այլ գիտակցաբար նույն բանն են անում։ Ամենքին մի քանի «բալի հատիկ են տալիս», հարբեցնում ու անցնում փետրման գործընթացին․․․

Վերջին տարիներին ամեն ընտրությունից հետո միշտ այս պատմությունն եմ հիշում։ «Բալի հատիկները» հանգիստ ուտում, հանգիստ գնում քվեարկում եք, հետո էլ փետրվելուց հետո զարթնում ու սկսում եք «կանցերտ տալ»։

ՀԳ «Բալի հատիկ չուտողնեին», ովքեր շատ քիչ են, խնդրում եմ դիտորդի կարգավիճակով կողքից նայել՝ տեսե՜ք ինչ ծիծաղելի բան է դառել ընտրությունը։ Փետրողն էլ է սարսափահար, մի տեղ էլ իրեն են փետրում, փետրվողն էլ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X