Բժշկի որդին մահացել էր, բայց նա․․․ վիրահատության էր

Այս փոքրիկ պատմությունը ներկայացրել է Mikael Mikaelyan-ը, ով այն վերցրել է Jay Shetty-ի էջից: Հավանաբար անգլերենից թարգմանել է։ Անչափ առօրեական ու դաստիարակչական պատմություն է։

Մերօրյա իրականության մեջ այնքա՜ն քիչ մարդիկ կան, որ իրենց վիճակից զատ մտածում են դիմացինի վիճակի մասին։

Մինչ պատմությունը ներկայացնելը, մի շատ տիպիկ օրինակ եմ բերելու։

Մի կին էր եկել ինձ մոտ ու բողոքում էր իր ամուսնուց։ Նրա ողջ պատմության մեջ դրական մի շող չտեսա, ամբողջովին մաղձ էր, ու բողոքն այնքան շա՜տ նման էր չարության։

Բողոքի մեջ էլ ինչ որ մի լուսավոր կետ պիտի լինի։

Հարևանուհիս, որ այդ ընթացքում մեզ հետ էր, սկսեց պատմել իր ամուսնու լավ ու վատ գծերի մասին՝ նա շատ բռնկվող ու տաքարյուն է, բայց երբ լռում եմ, ինքը զղջում ու անմիջապես ներողություն է խնդրում։ Պատմում էր՝ լավն ու վատը համեմելով։ Վերջում ասաց՝ այնպե՜ս եմ կարոտել նրա վատին,- ասաց ու լցվեց, ներողություն խնդրելով դուրս գնաց։

Բողոքող կինը նրա գնալուց հետո ամուսնուն մոռացավ ու հարևանուհուս սկսեց «նախշազարդել»․

-Երևում է, որ ձայնը տաք տեղից է դուրս գալիս, մարդը լավ աշխատում, կուկլի պես պահում է, ինքն էլ օ՜յ, օ՜յ, օ՜յ․․․

  • Նրա ամուսինը վաղու՜ց չկա,- ասացի,- ինքը կարոտում է անգամ վատը, որովհետև վատի մեջ էլ լավն է որոնել։

Նման մարդկանց մասին է այս հուզիչ պատմությունը, ովքեր չեն պատկերացնում, որ դիմացինը կարող է լինել ավելի վատ վիճակում։ Ովքեր սեփական վիճակից զատ, սեփական ցավից զատ ուրիշի ցավը չեն պատկերացնում։ Ահա պատմությունը․

Բժիշկն արագ մտավ հիվանդանոց: Նրան շտապ կանչել էին՝ երիտասարդ տղայի վիրահատության համար: Երբ ներս մտավ, տեսավ երիտասարդի հորը, ով անհանգիստ քայլում էր հիվանդանոցի սրահի մի ծայրից մյուսը: Երբ երիտասարդի հայրը տեսավ բժշկին, բղավեց.

-Ինչու՞ եք այսքան ուշանում: Չգիտե՞ ք, որ իմ տղայի կյանքը վտանգի տակ է: Գոնե պատասխանատվության փոքր զգացողություն ունե՞ք:

Բժիշկը կոտրված ժպիտով ասաց.

- Ես ներղողություն եմ խնդրում: Հիվանդանոցում չէի և զանգը ստանալուց անմիջապես հետո եկա, ինչքան հնարավոր էր արագ: Հիմա խնդրում եմ հանգստացեք , որպեսզի ես կարողանամ իմ գործն անել:

-Հանգստանա՞ լ.... Իսկ դուք կհանգստանայի՞ ք, եթե ձեր որդին լիներ այդ վիճակում, - բղավեց հայրը:

Բժիշկը կրկին թույլ ժպտաց և պատասխանեց.

- Ես ամեն ինչ կանեմ, իսկ դուք փորձեք լավատեսորեն տրամադրվել:

- Խորհուրդ տալն այնքան հեշտ է, երբ մտահոգված չեք: - շնչակտուր ասաց հայրը:

Վիրահատությունը տևեց մի քանի ժամ, որից հետո բժիշկը երջանիկ դուրս վազեց սենյակից:

Նա արագ մոտեցավ հորը և ասաց.

- Փառք Աստծո, ձեր որդին արդեն լավ է: Եվ առանց սպասելու հոր պատասխանին, արագ դուրս վազեց՝ գոռալով.

- Եթե դուք ինչ-որ հարցեր կունենաք՝ դիմեք բուժքրոջը:

-Ինչու՞ է նա այսքան կոպիտ: -Հայրը հարցրեց բուժքրոջը: Նա չէ՞ ր կարող սպասել մի քանի րոպե, որ գոնե կարողանայի իմանալ որդուս վիճակը:

Բուժքույրը պատասխանեց արցունքներն աչքերին.

-Նրա որդին երկու օր առաջ է մահացել ավտովթարի ժամանակ և երբ նրան կանչեցինք հիվանդանոց ձեր որդու վիրահատության համար՝ նա իր որդու հուղարկավորությանն էր մասնակցում և հիմա, երբ նա փրկեց ձեր որդու կյանքը, արագ գնաց, որպեսզի ավարտի հուղարկավորությունը:

ՀԳ Այն արժեքները, որոնք չկան, գոնե հուսանք, որ կլինեն, գոնե երազենք․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X