Հասկանանք կաշառակերներին

Փորձենք հասկանալ ընտրողի հոգեբանությունը՝ ինչո՞ւ է նա ակնկալում, որ իր ձայնը պետք է գնեն որոշակի գումարով, ինչո՞ւ է համաձայնում վաճառել իր քվեն։ Չէ՞ որ այդ մարդկանց մեծ մասն ընտանիքների հայրեր ու մայրեր են, հյուրասեր, պատվախնդիր, հասարակական կարծիքը հաշվի առնող, ամոթ-աբուռ, ավանդույթներ ունեցող։ Ընտրակաշառք վերցնող զանգվածին չի կարելի մի մկրատով կտրել՝ բոլորին համարել տգետ ու կաշառված։ Դա բազմաշերտ զանգված է՝ տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ ունեցող։ Մի մասը, օրինակ, պարզապես ընտրություն կոչվող երեւույթը չի կարեւորում եւ այդ 10 հազար դրամն ընտրակաշառք չի համարում։ Այնպես, ինչպես գողություն չէր համարի իր շքամուտքում ընկած 5 հազարանոցը վերցնելը։ Մյուս մասը, բնականաբար, չի կարեւորում իր քվեն՝ «մի ձայնն ի՞նչ պիտի որոշի» մտայնությամբ, եւ անգամ ուրախանում է, որ այդ ոչինչ չարժեցող «ապրանքը» կարողանում է այդքան «թանկ» վաճառել։ Այնպես, ինչպես կվաճառեր մի 5 տարի հագած ու հիմնովին մաշած շորը։ Երրորդ հատվածը ձայնի առքուվաճառքով իր վերաբերմունքն է ցուցադրում առաջադրված ընդդիմադիրներին, որոնց չի հարգում, չի տարբերակում իր ձայնը գնող իշխանությունից՝ «բոլորը նույնն են» տրամաբանությամբ։ Եթե հավատար ու զգար, որ ընդդիմությունը շատ ավելի լավն է եւ իրեն ապագայում հուսախաբ չի անելու, անշուշտ, կհրաժարվեր այդ 5-10 հազարից։ Այս բոլոր մարդկանց հարկավոր է կրթել, համոզել, բացատրել, ապացուցել։ Մեկին, որ քվեն հին լաթ չէ, մյուսին, որ 5 հազարով իրենց ձայնը գնելը նույն գողությունն է, երրորդին, որ միշտ չէ, որ փորձած թանն անփորձ մածունից լավն է։ Եվ ամենակարեւորը՝ կրթվելու, աճելու, մաքրվելու կարիք ունի ինքը՝ ընդդիմությունը։ Չէ՞ որ իշխանությանը հաղթելու համար պետք է նրանից շատ ավելի լավը լինես։

Մեկնաբանություն
X