Ղարաբաղում 2 ամիսը մեկ մեդալ բաժանելն ավանդույթ է

Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ, հերթական պարգեւատրումների միջոցառումն էր Ստեփանակերտում։ ԼՂՀ նախագահն ու վարչապետը պաշտոնյաներին, պատգամավորներին, լրագրողներին մեդալներ, շքանշաններ կամ գոնե մի պատվոգիր էին տալիս։ Պարգեւատրվողների լիարժեք ցանկը չհրապարակեցին, կարծես նրանք հետախույզներ են, ոչ թե հանրային դեմքեր, համացանցում էլ այս իրադարձության մասին կցկտուր տեղեկություններ կային։ Ով ինչ արժանիքի կամ նվաճման համար է պարգեւատրվել, հասկանալի չէ։ Օրինակ, ի՞նչ կապ ունի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի հետ, որ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ ստացավ, կամ՝ առավել եւս, Հայաստանի ժողովրդի գրպանն ի սպաս օտարների դրած ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, որը նույնպես մեդալ ստացավ, դժվար է կռահել։ Տպավորություն է, որ հայաստանցի հյուրերին ԼՂՀ նախագահը պարգեւատրում էր Երեւանից Ղարաբաղ հոգնեցուցիչ ու տհաճ ճանապարհն անցնելու, Ստեփանակերտ հասնելու համար։

Պարգեվատրվել են քարոզչության համար

Երեւանցի հյուրերի պարգեւատրումը կարելի է բացատրել արցախցու հյուրասեր բնույթով, իսկ իշխանամետ, պետբյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների պարգեւատրումները՝ արցախցու անկեղծությամբ։ Այդ օրը, օրինակ, Արցախի Հանրապետության Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ ստացավ, երեւի՝ բարեպաշտության համար, իսկ «Ազատ Արցախ» թերթի խմբագիրը՝ «Մխիթար Գոշ» մեդալ, որը սովորաբար շնորհում են ակնառու պետական գործիչներին։ Անգամ դեմոկրատական ներկայացող եւ իրականում դիկտատորական երկրներում, ինչպիսին են, օրինակ, Հայաստանն ու Ռուսաստանը, արդեն ձեւավորված սովորույթ կա՝ ԶԼՄ-ներին պարգեւատրելիս մեկ-երկու մրցանակ տալ նաեւ ընդդիմադիր համարվող մամուլին կամ լրագրողներին։ Պաշտոնյաները, հոգու խորքում ատելով լրագրողներին, սրանով ցույց են տալիս, որ ընդունում են քննադատությունը, հանդուրժողական են տրամադրված, կողմ են թափանցիկ աշխատելուն։ Արցախում շատ ավելի անկեղծ են։ Մրցանակ են տալիս նրանց, ովքեր երբեք վատ բան չեն գրել ու ապագայում էլ չեն գրի իշխանության հասցեին, ովքեր ոչ միայն պարզապես լսող են ու հնազանդ, այլեւ հնազանդ լինելով, իրենց երջանիկ են զգում։ Ի դեպ, քննադատող մամուլ, որպես այդպիսին, Արցախում չկա էլ՝ ԼՂՀ դեմոկրատական իշխանություններն իսպառ բնաջնջել են դա։

«եվ մի կին՝ ատամնատեխնիկ»․․․

«Ազատ Արցախ» թերթին ցանկություն առաջացավ մոտիկից ծանոթանալու։ Բացեցինք համանուն կայքն ու պարզեցինք, որ թերթում ամեն տեսակի պաշտոնյա կա, ինչպես Սովետմիության թերթերում՝ խմբագրի առաջին եւ երկրորդ տեղակալներ, բաժնի վարիչներ, պատքարտուղար, նամակների եւ սոցիալական աջակցության բաժին, առանձին էկոնոմիկայի բաժնի խմբագիր՝ «կոս արած» դեղին մազերով ու «բորդո» շրթներկով։ Բայց չկա ոչ մի լրագրող, իսկ լրահոսը կազմված է պաշտոնական հաղորդագրություններից ու ռազմի դաշտի լուրերից։ Եթե սա սովետ է, ապա, ըստ ամենայնի՝ Մեծ հայրենական պատերազմի շրջանի, այլ ոչ թե ուշ։ Ի դեպ, «Ազատ Արցախ» թերթի մասին Ղարաբաղում անեկդոտի նման պատմություն կա։ Սովետի ավանդույթի համաձայն, մի շրջան այն աշխատում էր 9-6-ը գրաֆիկով։ Վեցին լույսերը հանգցնում էին, տուն գնում, ինչի հետեւանքով կայքի հոսանքազրկված սերվերը երեկոյան ժամերին չէր աշխատում։

«Պետք է ցույց տանք Արցախի քաղաքացիներին, թե ինչպես են մեր իշխանությունները թալանում երկիրը»

Ինչո՞ւ են ԼՂՀ-ում պարգեւատրում իշխանամետ ԶԼՄ-ներին, սա ի՞նչ ավանդույթ է։ Արցախցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը, որն անցյալ տարվանից Մեծ Բրիտանիայում է, բուհերից մեկում ուսումն է շարունակում, իր ՖԲ էջին հետաքրքիր գրություն է թողել ԼՂՀ 2015 թ․ խորհրդարանական ընտրություններին վերաբերող․ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ պտտվում էի տարբեր շրջանների տարբեր գյուղերով ու խոսում Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի եւ այլ պաշտոնյաների կողմից օգտագործվող կոռուպցիոն մեխանիզմների մասին, շատերը չէին հավատում: Ասում էին. «Բա ինչո՞ւ հեռուստատեսությամբ դրա մասին չենք լսել երբեք»: Պետք է մոտակա տարիների ընթացքում օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները եւ միջոցները, որպեսզի ցույց տանք Արցախի քաղաքացիներին, թե ինչպես են մեր իշխանությունները թալանում երկիրը, համատարած աղքատության ֆոնին ինչպիսի դղյակներ են կառուցում, ինչպիսի ավտոմեքենաներ են գնում, ինչպիսի կործանարար դեր ունեն երկրի ապագայի համար»։ Գուցե սա՞ է Արցախի մամուլի արժանիքը՝ իրականությունը թաքցնելը, եւ սրա՞ համար են պարգեւատրում իշխանամետ ԶԼՄ-ներին։ «Այդ մարդիկ, կարելի է ասել, պետական ապարատում են աշխատում,- պատասխանեց Տիգրան Գրիգորյանը,- ֆինանսավորվում են բյուջեից, կատարում են իշխանությունների հրահանգները եւ այլն: Սովետի տարիների «մամուլը» հիշեք: Լրիվ նույն սկզբունքներով են աշխատում, ոչինչ չի փոխվել: Իսկ պարգեւատրվել են, որովհետեւ, ըստ իշխանությունների, իրենց քարոզչական ֆունկցիան լավ են կատարում»։ Ի դեպ, Արցախի էլեկտրոնային պարբերականներից մեկի՝ artsakhtimes.am կայքի նկարագրական մասում հետեւյալ ֆրազն են գրել․ «Մենք չենք թաքցնում՝ ARTSAKHTIMES-ը նաեւ քարոզչական հարթակ է»։ Հետո էլ զարմանում ենք, որ լեգենդ է շրջում, թե Բակո Սահակյանը շատ բարձր վարկանիշ ունի․ եթե քննադատող չկա, իշխանության մասին էլ գրում է միայն իշխանահաճո մամուլը, ապա բարձր վարկանիշի մասին լեգենդն էլ բերնեբերան շրջում է ու ամրապնդվում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X