Տիգրանյան վարժարանի վերաբացման համար ստորագրահավաք է սկսվել

Ռամկավար ազատական կուսակցության կառույցների միջեւ սուր վեճերը շարունակվում են։ Վերջին խմորումներն սկիզբ առան ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին, երբ հայաստանյան կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը որոշեց «Ծառուկյան դաշինքի» մեջ մտնել։ ՌԱԿ-ի լիբանանյան թեւը՝ կենտրոնական վարչություն կոչվող կառույցը հայտարարեց, որ կապ չունի այս որոշման հետ, եւ Ծառուկյանը, տեսնելով, թե ինչ կռվի մեջ է ակամայից ներքաշվում, հրաժարվեց Ավետիքյանին իր դաշինք «ընդունելուց»։ Սրան հետեւեցին Թեքեյան կենտրոնի «ռազբորկաները» լիբանանյան թեւի եւ Ավետիքյանի միջեւ։ Իսկ այսօր նոր լարում է սկսվել, այս անգամ՝ Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանի շուրջ, որը փակվել է 2015-ին, հենց Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում։ Այս կրթօջախը պատկանում էր Թեքեյան միության ԱՄՆ եւ Կանադայի կենտրոնական վարչությանը եւ փակվեց, ինչպես Թեքեյան միության ամերիկյան ղեկավարներն էին բացատրում, աշակերտների թվի նվազման պատճառով։ Ռամկավարների «Ազգ» թերթն էլ 2015 թվականին մի սրտառուչ հոդված էր տեղադրել այս առիթով, որում հիշատակվում էին վարժարանի հիմնադրի՝ Արշակ Տիգրանյանի բարերարությունը եւ Թեքեյան միության խոստումը՝ շարունակել Լիբանանում, Հայաստանում եւ Արցախում գործող Թեքեյան դպրոցների հովանավորությունը։ Հայկական դպրոցի փակումը ռամկավար հայտնի գործիչների հիմնադրած այս միության կողմից, որի սկզբնական նպատակը մեր ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումն էր, վատ ընդունվեց Սփյուռքում։ Ապրիլի վերջից համացանցում ստորագրահավաք է սկսվել դպրոցը բացելու պահանջով։ ՌԱԿ լիբանանյան թեւն ամերիկյանից հաշիվ է պահանջում։ Ամերիկայի Արեւմտահայ թեմի առաջնորդարանն իր հերթին է նեղացած Թեքեյան մշակութային միության վարչությունից եւ ատենապետ Էդմոն Ազատյանից։ Եկեղեցին ժամանակին առաջարկել էր 8 միլիոն դոլարով գնել վարժարանը։ Այս դեպքում հայկական դպրոցը կշարունակեր գործել։ Բայց Ազատյանի ղեկավարած վարչությունը, անտեսելով ազգային կարեւորագույն հարցը, նախընտրել էր այն վաճառել ավելի բարձր գնով՝ 14 մլն․ դոլարով։ «Արեւմտեան թեմին երկարած փրկութեան ձեռքը, բարի կամքը եւ դպրոցը պահելու յանձնառութիւնը ստորադասուեցաւ շուկայական շահին, յարդիւնս որու օտարուեցաւ հայ դպրոցը եւ տուժեց հայ աշակերտը»,- ասվում էր Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարանի տարածած հայտարարության մեջ։ Ինչպե՞ս են ծախսվել այս գումարները։ Հարցի շուրջ տարբեր վարկածներ կան։ Մեկն այն է, որ այս գումարի մի մասն ամերիկյան ռամկավարները ծառայեցրել են քաղաքական նպատակների՝ ծախսել են Հայաստանի ՌԱԿ-ը կայացնելու նպատակով, որն իրենց համար քաղաքական հենարան են դիտարկում։ ՌԱԿ կենտրոնական վարչությունն օրերս կոչ է տարածել, որում հիշեցրել է վարժարանի վաճառքի պատմությունը՝ անտրամաբանական պատճառաբանություններով, «մինչ անոր շրջակայքը գտնուող վարժարանները կը բարգաւաճէին»: «Անոր վաճառքէն գոյացած գումարը անհաշիւ կը մսխուի ՌԱԿը ներսեն բաժնելու աշխատանքին ծառայող կողմէն, օրհնութեամբ՝ Թէքէեան մշակութային Միութեան Ամերիկայի եւ Գանատայի կեդրոնական վարչութեան: Մսխումէն կ՛օգտուի առավելաբար Աւետիքեանի ղեկավարած խմբակը Հայաստանի մեջ»,- հայտարարում է ՌԱԿ կենտրոնական վարչությունը։ Մայիսի 4-ին «Օրեր» անկախ եվրոպական ամսագիրը տպագրեց Ամերիկայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությանն ուղղված կոչը՝ անհապաղ վերաբացել Արշակ Տիգրանյան վարժարանը։ Մենք խնդրեցինք Հայաստանի ՌԱԿ ղեկավար Հակոբ Ավետիքյանին՝ մեկնաբանել Տիգրանյան վարժարանի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պատասխանել հարցին, թե արդյո՞ք գործարքի արդյունքում ստացված գումարները ծառայեցվել են Հայաստանի ռամկավարների կայացմանը։ «Երանի այդպիսի բան լիներ։ Մենք այդ պարագայում շատ հանգիստ կարող էինք մասնակցել ԱԺ ընտրություններին, Դուք գիտեք, չէ՞, որ խոսքն ահռելի գումարի՝ 14 մլն․ դոլարի մասին է»,- պատասխանեց Հակոբ Ավետիքյանը։ Նա հայտնեց, որ շուտով լուր է սպասում Թեքեյան մշակութային միությունից, որից հետո իր համար ավելի հստակ կլինի, թե այն գումարները, որոնք ստացվել են վարժարանի վաճառքի արդյունքում, ինչ նպատակով են օգտագործվել։

«Ըստ իս, իրենք մի սխալ թույլ տվեցին, այն, որ ուրիշ կրթարան բացելու ծրագիրն սկզբում պետք է սկսեին կատարել, հետո նոր վաճառեին Տիգրանյան վարժարանը,- ասաց Հակոբ Ավետիքյանը,- փոխանակ ձին կառքից առաջ դնելու, այդպես պետք է արվեր»։ Այժմ Թեքեյան միությունը հանձնախումբ է ստեղծել, որը Կալիֆորնիայում հարմար տեղ է որոնում՝ հայկական նոր դպրոց հիմնադրելու համար։ Ըստ Ավետիքյանի, Հոլիվուդի շրջանում գտնվող Տիգրանյան վարժարանում սովորողների 95 տոկոսը Հայաստանից գնացածներն էին։ «Սա ամենաաղքատ շրջանն է Լոսի, կյանքի պայմանները լավացան, եւ նրանք թողեցին-գնացին ավելի հարուստ շրջաններ։ Այսպես, վարժարանի 460 աշակերտներից փակումից առաջ մնացել էին մոտ 120-ը։ ՌԱԿ կենտրոնական վարչությունը, Արեւմտյան թեմի առաջնորդարանը վարժարանի վաճառքը համարում են «չարաբաստիկ եւ միայն առեւտրական նպատակներով իրագործուած» գործարք, հակառակ Հայաստանի շահերին։ Այժմ ՌԱԿ կենտրոնական վարչությունը, Արեւմտյան թեմի առաջնորդարանը պատրաստվում են մի հանձնախումբ կազմել, որը կուսումնասիրի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքների կրթական պահանջները եւ կշարունակի կազմակերպված պայքար Տիգրանյան վարժարանի վերաբացման ուղղությամբ։ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջերս լուրջ քննարկումներ են տեղի ունենում Էդմոն Ազատյանին, Վարդան Նազիրյանին, Հակոբ Վարդիվարյանին եւ եւս մի քանի հոգու կուսակցությունից արտաքսելու վերաբերյալ: Նրանց արտաքսելու պահանջը վարժարանի վաճառքի ժամանակ նրանց դերակատարմամբ է պայմանավորված։ Էդմոն Ազատյանը, որը 2 տարի ձայն չէր հանում, ստորագրահավաքի օրերին հանկարծ շենքի վաճառքի գումարների ճակատագրի վերաբերյալ անգլերենով հայտարարություն է տարածել ԹՄՄ անունից, թե իբր այդ գումարն օգտագործվել է կրթական նպատակների համար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X