Հանձնարարականներ ԺՊ-ներին

Այսօր կառավարության վերջին նիստն էր, և լրագրողները արդեն հրաժարական տված նախարարներին հարցնում էին, թե ինչպես են աշխատելու ԺՊ-ների կարգավիճակում, ինչ ակնկալիքներ ունեն։ Ֆինանսների նախարարի ԺՊ-ն ասաց, որ լավ է աշխատելու, տնային աշխատանքները կատարելու է, կրթության նախարարի ԺՊ-ն էլ, երբ հարցրին, թե իրեն պահելու են, թե ոչ, ասաց․ «Ես երեխա եմ, ինչ եմ, որ ինձ պահեն, կամ չպահեն»։ Քիչ հետո ավելի զգուշավոր պատասխան տվեց՝ ասելով, որ դեռ չգիտի, կլինի կառավարության կազմում, թե ոչ և հորդորեց մի քանի օր սպասել, թեև նրա վերանշանակման հարցը լուծված է։

Այս վերջին նիստը նույնպես սկսվեց հանձնարարականներով։ Այս անգամ վարչապետը խոսեց մարզերում և Երևանում առկա դեղերի ապահովման խնդիրների մասին։ «Պարզ է դարձել, որ նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է դեղերի հասանելիության խնդիր», - ասաց Կարեն Կարապետյանը, բայց մտահոգությունն այս տուրիզմի զարգացման ոլորտից էր, և չի առնչվում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանությանը։ Բանն այն է, որ օտարերկրացիները, հայտնվելով մեր տուրիստական վայրերում, ասենք, Ծաղկաձորում, չեն կարողանում տարրական դեղեր հայթայթել։ Այսուհետ առողջապահության նախարարի ժպ-ն վարչապետի հանձնարարականով կուսումնասիրի դեղատների բաշխվածությունը և առաջարկներ կներկայացնի նրան։ ԱԻ նախարարի ԺՊ-ն էլ կզբաղվի տեխնիկական անվտանգության փորձաքննություններով, որ նրանք, ովքեր անորակ փորձաքննություն են կատարել, պատասխանատվության ենթարկվեն։

Վարչապետը հատուկ խոսեց քաղաքներում մեծ քանակությամբ առկա պարապուրդի մատնված անշարժ գույքի մասին, որը կարող էր պետությանը եկամուտ բերել ԱԱՀ-ի տեսքով, բայց չի բերում։ Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանին ու Երևանի կենտրոնին։ Ֆինանսների նախարարի ԺՊ Վարդան Արամյանին վարչապետը հարցրեց, թե ինչ է արել այս ուղղությամբ։ Վերջինս էլ, հիշելով իր վերջին դասախոսությունները, բառախեղդ արեց վարչապետին անգլածագում բառարմատներով՝ հակախթան-խթաններով, հաշվարկներով, տարավ-բերեց ու ասեց, որ իր հաշվարկների արդյունքները կզեկուցի հաջորդ շաբաթ։ Միաժամանակ խոստացավ, որ մի քանի անգամ կավելանա գույքի եկամտաբերությունը։ Վարչապետն էլ լսեց-լսեց ու որոշեց, որ Արամյանի ներկայացրած թվերից «կարող է բիզնեսը վախենա»։ «Բիզնեսը, որը չի աշխատում, իր մոտ պրոգրեսիվ գույքահարկ է արվում, աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի ավելանում, մյուսի մոտ առաջանում է», - ասաց վարչապետը:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X