Հանրապետությունում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, անդրադառնալով, հանրապետությունում բնակչության համար դեղերի հասանելիության բարելավմանը, նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ զբոսաշրջիկների համար»։ Այդ նպատակով վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է. ՀՀ առողջապահության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում՝ ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ՝ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ հարցին լուծում տալու նպատակով: «Իրականում բոլոր բնակավայրերին պետք է ուշադրություն դարձնել, բայց խնդիրն առավել ակնհայտ է տուրիստական գոտիներում: Հատուկ ուշադրություն դարձրեք հատկապես զբոսաշրջության կենտրոններին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանություն
X