Մանդատ ենք ստացել, ուռա՜․ ԱԺ առաջին նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք)

>

Ազգային ժողովում այսօր վաղ առավոտից աժիոտաժ էր տիրում։ Վերջապես մեկնարկեց ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը վարում էր ԱԺ ամենատարեց պատգամավորը՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ խորհրդարանն իր ողջ կազմով ներկա էր՝ 105 պատգամավոր։ Նիստից առաջ և նիստի ողջ ընթացքում միջանցքներում իրարանցում էր՝ բազմաթիվ լրագրողներ, որոնք փորձում էին հարցազրույցներ անել հին ու նոր պատգամավորների հետ, ԱԺ լաբիրինթոսում մոլորված տարատեսակ նորեկ պատգամավորներ, որոնցից մեկը սանհանգույցի կամ ծխարանի տեղը չէր գտնում, մյուսը իրենց խմբակցությունն էր փնտրում, երրորդը իր աշխատասենյակը, չորրորդն առհասարակ աշխատասենյակ չուներ ու մնացել էր դրսում, հինգերորդն ուղղակի դահլիճի մուտքն էր փնտրում, վեցերորդը չգիտեր՝ լրագրողներից ուր փախչեր ու այսպես շարունակ։ Ոմանք էլ ակտիվ խոսք ու զրույցի մեջ էին կամ հեռախոսով էին խոսում, նախկին ու ներկա կոալիցիոն պատգամավորներ էլ կային՝ իրար հետ ֆրանսերեն էին խոսում, որպեսզի երևի կողքից լսողը բան չհասկանար։

Կեսօրին, երբ դեռ ընդմիջում չէր հայտարարվել, ոմանք արդեն չդիմացան ու դուրս եկան դահլիճից։ Ու սկսվեց հոսքը դեպի ճաշարան։ Խումբ-խումբ իջնում էին բուֆետ, որտեղ մի քանի սեղան ռեստորանային ոճի պատրաստության էր բերված՝ շարված էին ափսեներն ու բաժակները, և առանձին գրությամբ նախազգուշացված էր՝ զբաղված է, որ ուրիշները չնստեն։ Օլիգարխներն ու գործարարներն իրար հետ էին իջնում ճաշելու, օդիոզներն՝ իրար հետ, «ինտելիգենցիան»՝ միասին, «չիշխանականներն»՝ իրար հետ, «մոլորյալներն» էլ՝ իրար հետ։ Մի խոսքով՝ ամեն մեկը գտնում էր իր կալիբրին ու տեսակին համահունչ մեկին կամ մի քանիսին, ու ընկերովի իջնում էին ստամոքսները կշտացնելու։ Բոլորի դեմքին երանության ժպիտ էր նկատվում։ Համեմատաբար ծանր էին իրենց պահում հիմնականում «Ելք» դաշինքի պատգամավորները, հատկապես առաջին անգամ ընտրվածները, հիմնականում Էդմոն Մարուքյանն էր, որ միշտ ժպիտը դեմքին էր։ Իսկ իշխանականներից ու «ծառուկյանականներից» շատերն ուղղակի տարերքի մեջ էին՝ մանդատ են ստացել, ուռա՜։ Ամեն դեպքում, մի քանի ժամ անց՝ արդեն շատերը հոգնեցին, ու զգացվում էր, որ հաճելին ու հետաքրքիրը միայն առաջին մեկ-երկու ժամն էր, հետո գալիս է հոգնեցուցիչն ու ձանձրալին։ Եվ սա դիսկոմֆորտ է ստեղծում հատկապես նրանց համար, որոնք չգիտեն՝ ինչ բան է օրենսդրական աշխատանքը, սովոր չեն ամբողջ օրը նստել դահլիճում, նիստի մասնակցել, օրենքներ մշակել։

Ստորև ներկայացնում ենք ԱԺ առաջին նիստին մեր արած ֆոտոշարքի մի հատվածը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X