Վերջին նիստ․ ծափ ու ծիծաղ

Սոցապնախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանը տարօրինակ որոշման նախագիծ էր բերել՝ ծերացման հետևանքները վերացնելու մասին։ Այն վերաբերում էր ոչ թե պլաստիկ վիրահատություններին, այլ խնամքի համակարգը ավելի կատարելագհործելուն։ Ասատրյանն ասաց, որ 2016 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 12 տոկոսը 63 տարեկանն անց մարդիկ են, ու նրանք «դեռևս ունեն խնդիրներ»։ Կարծես, ամեն ինչ արել են, ու մի քիչ խնդիրներ դեռ մնացել են։ Նա խոստացավ, որ առաջիկա տարիներին կկարգավորի խնդիրը։ Ենթադրաբար, մի քանի տարի հետո ՀՀ-ում 60 անց ոչ մի քաղաքացի այլևս խնդիր չի ունենա, երևի, այս տարիքային խումբը ընդհանրապես կվերանա։

ԺՊ Լևոն Ալթունյանն էլ տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման դրամաշնորհի ծախսման նախահաշիվներ բերել, որն այնքան երկարաշունչ նախադասություններով էր շարադրված, որ խեղճ ռուսախոս նախարարը չէր կարողանում կարդալ և անընդհատ սայթակելով, ստիպված մի նախադասության մեջ 5 վերջակետ էր դնում։ Ընթացքում այնքան հուզվեց, որ ջուր խմեց, դրամաշնորհի միջոցներն էլ կրկնակի քիչ նշեց։ Այստեղ Կարեն Կարապետյանը վատ զգաց․ «500 մլն, թե՞ 280»։

Մշակույթի նախարարի ԺՊ Արմեն Ամիրյանը հաստատել տվեց «Ամբերդ» և «Բերդ»․ հուշարձանային տարածքներին արգելոցի կարգավիճակ տալու մասին որոշումը։ Փաստորեն, 21-րդ դարում վերջապես որոշեցին 14-րդ դարի հուշարձանները պահպանել, երբ դրանք արդեն համարյա ոչնչացել են։

Գյուղնախարարի ԺՊ Իգնատի Առաքելյանը 700 մլն դրամ ուզեց կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով, իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ԺՊ Լոքյանն էլ մոտ երկու մլրդ մարզպետարաններին հատկացնելու որոշում էր բերել; Հավանաբար, մարզպետներն այս կերպ խրախուսվում են ընտրությունների ժամանակ կուսակցության համար լավագույնս օգտագործվելու համար: Լոքյանն ուզում էր զեկուցել, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ազատված է աշխատանքից, նա, ինչպես հայտնի է, պատգամավոր է դարձել, բայց վարչապետը կանգնեցրեց Լոքյանին, ասելով՝ հարցը չզեկուցվող է։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X