«Բստրածին» հարց՝ տրամաբանության և խղճի մասին

Ազգային ժողովում երեկ օրվա երկրորդ կեսին սկսվեց ԱԺ նախագահի ընտրությունը։ Թեկնածուն սկզբում մեկն էր՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը, բայց «Ելք»-ը բոլորին անակնկալ որոշեց թեկնածու առաջադրել՝ Էդմոն Մարուքյանին։ Իհարկե, այս ընտրության ելքը կանխորոշված էր, պարզ էր, որ մեծամասնությունը կքվեարկի ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, դա գիտեին նաեւ «Ելք»-ում։ Բայց սա առաջին փորձություն էր այն պատգամավորների համար, որոնք իրենց ընդդիմադիր են համարում։ Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանում «Ելք»-ից բացի «Ծառուկյան դաշինքն» էլ է ընդդիմադիր։ Նրանք, սակայն, այս անգամ էլ, ինչպես նախորդ շատ նմանատիպ քվեարկությունների ժամանակ, քվեարկեցին նույն կերպ՝ «իրենց խղճի մտոք»։ Եվ նրանց ճնշող մեծամասնության «ընդդիմադիր» խիղճը թելադրեց ձայն տալ իշխանական թեկնածուին։ Մինչդեռ տրամաբանորեն հակառակը պետք է լիներ։ Միայն Արարատ Զուրաբյանն էր, որ բացահայտ հայտարարեց ընդդիմության թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկելու մասին։ Հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մի քանի անդամների, թե ունե՞ն քաղաքական որոշում՝ ում օգտին քվեարկեն կամ ինչ սկզբունքով առաջնորդվեն։ Բոլորը միաբերան ասում էին, որ քաղաքական որոշում չունեն, թողնված է իրենց խղճին։

«Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից Վարդան Բոստանջյանին հարցրինք՝ քաղաքականապես տրամաբանակա՞ն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժն այս հարցում քվեարկի մեկ այլ ընդդիմադիր ուժի առաջադրած թեկնածուի օգտին։ Բոստանջյանը մեր այս հարցը համարեց «բստրածին»։

- Երեւի նկատի ունեք՝ արհեստածին։

  • Դուք ուզում եք՝ արհեստածին պատկերացրեք։ Խոշոր առումով հիմա ես ճանաչում եմ ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին եւ գիտեմ երկուսի արժանիքներն էլ։ Ես չեմ խոսում ընդդիմադիր, իշխանական եւ այլն, այսինքն՝ մարդկանց իմանալով, թե ով ինչ կարող է հօգուտ մեր ժողովրդի, հասարակության անել, պայմանավորված դրանով եւ քննարկումներով՝ ես պետք է իմ ձայնը տամ։

- Իշխանական թեկնածուն կարո՞ղ է օգուտ տալ հասարակությանը։

  • Բա ինչի՞ է իշխանություն, այսինքն՝ Դուք հարցն էնպես դրեցիք, որ իշխանական մարդը պետք է անպայման վատություն անի, հա՞, ազգին։
    Հարցրինք նաեւ «Ծառուկյան դաշինքի» երիտասարդ պատգամավոր Լուիզա Սարգսյանին, թե ի՞նչ սկզբունքով են քվեարկել։ «Ամեն պատգամավոր՝ իր խղճի մտոք, փակ-գաղտնի քվեարկություն է»։

- Խիղճը քաղաքական կատեգորիա՞ է։

  • Այո, իհարկե։

- Օրինակ՝ տրամաբանակա՞ն է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը պետք է իր ձայնը տա ընդդիմադիր թեկնածուին։

  • Այ, շատ լավ բան ասացիք՝ տրամաբանական։ Պետք է քաղաքականության մեջ ամեն ինչ լինի տրամաբանորեն, անկախ նրանից՝ ընդդիմություն, թե իշխանություն։

- Այսինքն՝ տրամաբանորեն կարո՞ղ ենք ենթադրել, որ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորն իր ձայնը պետք է տա ընդդիմադիր թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին։

  • Տրամաբանությունը քաղաքականության մեջ ամենակարեւոր բանն է, եւ յուրաքանչյուր պատգամավորի համար էլ գոյություն ունի իր քաղաքական տրամաբանությունը։
    Գյումրեցի Վարդեւան Գրիգորյանի համար էլ ստիպված եղանք մեր հարցը երեք անգամ կրկնել, քանզի նա լսում էր հարցը, մտածում էր, հետո տալիս հարցի հետ կապ չունեցող ինչ-որ պատասխան։ Այդ ընթացքում նրան փորձում էին կողքից հուշել իր գործընկերները, թե ինչ պատասխանի։ Ի վերջո՝ մենք մի վերջին անգամ առավել բաց ու հասկանալի հնչեցրինք մեր հարցը՝ տրամաբանակա՞ն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժն իր ձայնը տա ընդդիմադիր թեկնածուին։
    «Տրամաբանական չէ»,- վերջապես կողմնորոշվեց ընդդիմադիր պատգամավորը։

- Հիմա Դուք ընդդիմադի՞ր եք։

  • Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։

- Ես կարծում եմ, որ գոնե դե յուրե ընդդիմադիր եք, իշխանություն չեք, համենայնդեպս։

  • Դե ֆակտո էլ։

- Հիմա դե ֆակտո ընդդիմադիր ուժը պե՞տք է մեկ այլ դե ֆակտո ընդդիմադիր թեկնածուի ձայն տա։

  • Իհարկե։

  • Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ «Ծառուկյան դաշինքը» կամ անձամբ Դուք առաջնորդվել եք այդ տրամաբանությամբ։

  • Նորից եմ կրկնում՝ դա փակ-գաղտնի քվեարկություն է, բայց Ձեր ասած հարցը տրամաբանական է։

Քվեարկությունն ավարտվեց, ու պարզվեց՝ 88 հոգի կողմ է քվեարկել իշխանական Արա Բաբլոյանի օգտին, 12 հոգի՝ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի։

Սա չվրիպեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի աչքից, ով արդեն ԱԺ փոխնախագահների թեկնածուների քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Միքայել Մելքումյանին։ Ինը հոգանոց «Ելք» խմբակցության ղեկավարը հարցրեց Մելքումյանին, թե ինչու է ընդդիմադիր «Ծառուկյան դաշինքի» 31 անդամներից ընդամենը 3 հոգի կողմ քվեարկել Էդմոն Մարուքյանի օգտին։ Մելքումյանը հիշեցրեց, որ քաղաքական որոշում չունեն, յուրաքանչյուրը քվեարկել է իր խղճի մտոք։ «Տարօրինակ եւ ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական իշխող կուսակցություն եւ ոչ թե հակառակը»,- արձագանքեց Փաշինյանը։ Նա նաեւ խոստացավ, որ չնայած ընդդիմադիր «Ծառուկյան դաշինքը» չի քվեարկել իրենց թեկնածուի օգտին, իրենք, այդուհանդերձ, կքվեարկեն «Ծառուկյան դաշինքի» ընդդիմադիր թեկնածուի օգտին, այսինքն՝ Միքայել Մելքումյանի։ ԱԺ փոխնախագահների քվեարկությունը տեղի կունենա այսօր առավոտյան։ Թեկնածուներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X