Ժամանակավոր պաշտոնակատարների նիստը՝ հրաժարականից հետո

Երեկ կառավարության վերջին նիստն էր, եւ լրագրողներն արդեն հրաժարական տված նախարարներին հարցնում էին, թե ինչպես են աշխատելու ԺՊ-ների կարգավիճակում, ինչ ակնկալիքներ ունեն։ Ֆինանսների նախարարն ասաց, որ լավ է աշխատելու, տնային աշխատանքները կատարելու է, կրթության նախարարն էլ, երբ հարցրին, թե իրեն պահելու են, թե ոչ, ասաց․ «Ես երեխա՞ եմ, ի՞նչ եմ, որ ինձ պահեն կամ չպահեն»։ Քիչ հետո ավելի զգուշավոր պատասխան տվեց, ասելով, որ դեռ չգիտի՝ կլինի՞ կառավարության կազմում, թե՞ ոչ, եւ հորդորեց մի քանի օր սպասել, թեեւ նրա վերանշանակման հարցը լուծված է։

Վերջին նիստը նույնպես սկսվեց հանձնարարականներով։ Այս անգամ վարչապետը խոսեց մարզերում եւ Երեւանում առկա դեղերի ապահովման խնդիրների մասին։ «Պարզ է դարձել, որ նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է դեղերի հասանելիության խնդիր»,- ասաց Կարեն Կարապետյանը, բայց այս մտահոգությունը տուրիզմի զարգացման ոլորտից էր եւ չի առնչվում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանությանը։ Բանն այն է, որ օտարերկրացիները, հայտնվելով մեր տուրիստական վայրերում, ասենք՝ Ծաղկաձորում, չեն կարողանում տարրական դեղեր հայթայթել։ Այսուհետ առողջապահության նախարարը վարչապետի հանձնարարականով կուսումնասիրի դեղատների բաշխվածությունը եւ առաջարկներ կներկայացնի նրան։ ԱԻ նախարարն էլ կզբաղվի տեխնիկական անվտանգության փորձաքննություններով, որ նրանք, ովքեր անորակ փորձաքննություն են կատարել, պատասխանատվության ենթարկվեն։ Վարչապետը հատուկ խոսեց քաղաքներում մեծ քանակությամբ առկա, պարապուրդի մատնված անշարժ գույքի մասին, որը կարող էր պետությանը եկամուտ բերել ԱԱՀ-ի տեսքով, բայց չի բերում։ Հատուկ ուշադրություն է դարձվում Սեւանին ու Երեւանի կենտրոնին։ Ֆինանսների նախարարի ԺՊ Վարդան Արամյանին վարչապետը հարցրեց, թե ինչ է արել այս ուղղությամբ։ Վերջինս էլ ասաց, որ իր հաշվարկների արդյունքները կզեկուցի հաջորդ շաբաթ։ Միաժամանակ խոստացավ, որ մի քանի անգամ կավելանա գույքի եկամտաբերությունը։ Վարչապետն էլ լսեց-լսեց ու որոշեց, որ Արամյանի ներկայացրած թվերից «կարող է բիզնեսը վախենա»։ «Բիզնեսը, որը չի աշխատում, իր մոտ պրոգրեսիվ գույքահարկ է արվում, աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի ավելանում, մյուսի մոտ առաջանում է»,- ասաց վարչապետը եւ անցավ օրակարգին։ Սոցապնախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանը տարօրինակ որոշման նախագիծ էր բերել՝ ծերացման հետեւանքները վերացնելու մասին։ Այն վերաբերում էր ոչ թե պլաստիկ վիրահատություններին, այլ խնամքի համակարգը կատարելագործելուն։ Ասատրյանն ասաց, որ 2016 թվականի տվյալներով, Հայաստանի բնակչության մոտ 12 տոկոսը 63 տարեկանն անց մարդիկ են, ու նրանք «դեռեւս ունեն խնդիրներ»։ Կարծես ամեն ինչ արել են, ու մի քիչ խնդիրներ դեռ մնացել են։ Խոստացավ, որ առաջիկա տարիներին կկարգավորի խնդիրը։ Ենթադրաբար, մի քանի տարի հետո ՀՀ-ում 60-ն անց ոչ մի քաղաքացի այլեւս խնդիր չի ունենա, երեւի, այս տարիքային խումբն ընդհանրապես կվերանա։ ԺՊ Լեւոն Ալթունյանն էլ տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր եւ մանկան առողջության եւ ընտանիքի պլանավորման դրամաշնորհի ծախսման նախահաշիվներ էր բերել, որն այնքան երկարաշունչ նախադասություններով էր շարադրված, որ խեղճ ռուսախոս նախարարը չէր կարողանում կարդալ եւ անընդհատ սայթաքելով՝ մի նախադասության մեջ 5 վերջակետ էր դնում։ Ընթացքում այնքան հուզվեց, որ ջուր խմեց, դրամաշնորհի միջոցներն էլ կրկնակի քիչ նշեց։ Այստեղ Կարեն Կարապետյանը վատ զգաց․ «500 մլն․, թե՞ 280»։ Մշակույթի նախարարի ԺՊ Արմեն Ամիրյանը հաստատել տվեց «Ամբերդ» եւ «Բերդ» հուշարձանային տարածքներին արգելոցի կարգավիճակ տալու մասին որոշումը։ 21-րդ դարում վերջապես որոշեցին 14-րդ դարի հուշարձանները պահպանել, թեեւ դրանք արդեն համարյա ոչնչացել են։

Գյուղնախարարի ԺՊ Իգնատի Առաքելյանը 700 մլն․ դրամ ուզեց կառավարության պահուստային ֆոնդից՝ գյուղտեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման եւ զարգացման նպատակով, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ԺՊ Լոքյանն էլ մոտ 2 մլրդ․ մարզպետարաններին հատկացնելու որոշում էր բերել։ Հավանաբար, մարզպետներին այսկերպ խրախուսում են ընտրությունների ժամանակ կուսակցության համար լավագույնս օգտագործվելու համար: Լոքյանն ուզում էր զեկուցել, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ազատված է աշխատանքից, նա պատգամավոր է դարձել, բայց վարչապետը կանգնեցրեց Լոքյանին, ասելով․ «Հարցը չզեկուցվող է»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X