Մեկը տանկ էր նկարում, մյուսը՝ ճոճվում աթոռին ու ծնկները տրորում

Հայրենի երեսփոխանների «սեպտեմբերի մեկը»՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, երեկ ընթացավ հետաքրքիր մթնոլորտում։ «Դեմբելների» ուղեկցությամբ խորհրդարանի շենքում առաջին վախվորած քայլերից հետո ԱԺ-ի «մալադոյները» կամաց-կամաց «բացվեցին», բայց ոչ այնքան, որ ազատ շփվեին լրագրողների հետ, այլ խորհրդարանի բուֆետի սեղանների շուրջ խմբերով զրույցներ վարելու մակարդակի։ Երկարատեւ արձակուրդից հետո խորհրդարանի հնաբնակներն ԱԺ միջանցքներում իրարից կարոտն էին առնում՝ ողջագուրվելով, համբուրվելով ու ձեռքսեղմումով, ապա մտան նիստերի դահլիճ, որտեղ նրանցից ոմանք հասկացան, որ տաղտկալի գործ է պատգամավոր աշխատելը։

Ի տարբերություն հերթական նիստերի, առաջին նիստը հանդիսավոր էր արարողությամբ։ Ներկա էին կառավարության ողջ կազմը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Բացումը տեղի ունեցավ օրհներգով ու ծափերով: Այնուհետեւ օրհնանքի խոսք ասաց Վեհափառը, նշելով, որ այսուհետ ԱԺ-ն ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում երկրի ու ժողովրդի հանդեպ: Նիստը վարեց խորհրդարանի ամենատարեց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ 72-ամյա Կնյազ Հասանովը, ով բազմել էր ԱԺ նախագահի աթոռին, իսկ փոխնախագահի աթոռներն զբաղեցնում էին մյուս պատվավոր հյուրերը՝ կաթողիկոսն ու ՀՀ նախագահը։ Սերժ Սարգսյանի ելույթը տեւեց մոտ մեկուկես ժամ։ Նա խոսեց խորհրդարանի դերի բարձրացման, երկրի կառավարման համակարգը փոխելու միջոցով հետընտրական ճգնաժամերը վերացնելու, ընդդիմության դերի բարձրացման, կոռուպցիայի, «ներքին թշնամու» դեմ պայքարի, մինչեւ անգամ 2040 թվականի տնտեսական ցուցանիշների, նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Սկզբում բոլորը համակ ուշադրությամբ ունկնդրում էին կամ գոնե այդպես էին ձեւացնում, գլխով համաձայնության նշաններ ցույց տալիս, սակայն ծույլիկ աշակերտների պես շատերին տաղտկալի թվաց երկարաշունչ դասը, սկսեցին տեղերում անհանգիստ շարժումներ անել։

Փորձառու կոճակ սեղմողների աշխատանքը խորհրդարանում մշտապես 10-15 րոպե է տեւել, ներկայացել-գրանցվել ու արագ լքել են տարածքը, բայց երեկ ստիպված էին ժամերով գամված մնալ թեկուզեւ փափուկ ու հարմարավետ աթոռներին։ Ամենաանհանգիստները գեներալներն էին՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, որոնք կրկին զբաղեցրել էին իրենց նախկին տեղերը։ Գեներալ Մանվելը ձանձրույթից եղունգներն էր պլոկում, ծնկները տրորում, այնքան պարապ էր մնացել, որ սկսեց հետաքրքրվել բոլոր պատգամավորներին, այդ թվում իրեն տված ԱԺ աշխատակազմի նվերներով եւ հատկապես կարմիր փոքրիկ տուփով, որի մեջ ՀՀԿ «զնաչոկն» էր։ Նա տուփը բացելուց հետո բոլոր կողմերից մանրազնին ուսումնասիրեց ՀՀԿ-ի կրծքանշանը, ասես նոր խաղալիք էր հայտնաբերել։ Սեյրան Սարոյանն էլ հուսահատությունից ձեռնափայտն ապահով տեղավորեց սեղանի տակ գտնվող փոքրիկ դարակում, ապա զբաղմունք գտավ՝ սկսեց տանկեր նկարել։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ էր նույն գործի վրա, միայն թե նա աստղ կամ ծաղիկ էր նկարում։ Ի դեպ, գեներալների շարքում էին տեղավորված նորաթուխ պատգամավոր, սնխչի Հարություն Կարապողոսյանը եւ Սիսիանի քաղաքապետի եղբայրը՝ Ավետ Սարգսյանը։ Մեկ շարք առաջ հոգնած վիզն էր պտտեցնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ նրա հարեւանությամբ աթոռին ինքնամոռաց ճոճվում էր նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նույն շարքում տեղավորված Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանն էլ, գլուխն ուսերի մեջ վերցրած, զննում էր անծանոթ տարածքը, ծանոթանում իր առջեւ դրված տեխնիկային եւ այլն։ Հարեւան շարքում՝ պատի երկարությամբ տեղակայված էր խորհրդարանի օդիոզների գումարտակը՝ Սամվել Ալեքսանյան, ՍԱՍ-ի Արտակ, Արայիկ Գրիգորյան, Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյան, Նովո, գյումրեցի Արման Սահակյան, Արագածոտնից Նաիրի Սահակյան եւ այլք։ Սերժ Սարգսյանի երկարաշունչ ելույթին զուգահեռ միմյանց ականջին քչփչալով՝ զրուցում էին Սամվել Ալեքսանյանն ու Արայիկ Գրիգորյանը, Արթուր Գեւորգյանն ու Արման Սահակյանը։ Փոխարենը համակ ուշադրությամբ լսում էր Գագիկ Ծառուկյանը, իսկ նախագահի ելույթի ավարտից հետո բռունցք արած ձեռքերը լայն ժպիտով վեր պարզեց՝ արտահայտելով իր գոհունակությունը։

Ընդհանրապես, դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում, պատգամավորների հոտնկայս ծափերի ներքո հեռացան նախագահն ու Վեհափառը, օրենսդիրներից ոմանք թեթեւացած շունչ քաշեցին, ոմանք էլ թմրած մկանները բացեցին, իսկ համառ պայքարի արդյունքում ԱԺ-ում հայտնված Նապոլեոն Ազիզյանը կարճատեւ զբոսանք արեց՝ տեղափոխվեց ՀՀԿ տարածք, ողջագուրվեց Սամվել Ալեքսանյանի, Արայիկ Գրիգորյանի հետ։ Ապա սկսվեց ներկա-բացական։ Հենց այդ ժամանակ էլ դահլիճ մտան «Ելք» դաշինքի պատգամավորները, որոնք բոյկոտել էին նախագահի ելույթն ու նիստի մեկնարկը։

Կնյազ Հասանովը հերթով ընթերցում էր պատգամավորների անուն-ազգանուն-հայրանունները, յուրաքանչյուրը գործընկերների ծափողջույնների ներքո ոտքի էր կանգնում, նորից նստում։ Ի դեպ, նորաթուխ եւ փորձառու օրենսդիրներին բավականին ուրախացրին Հասանովի «կիքսերը»․ նա մեկի ազգանունն էր սխալ ընթերցում, մյուսի՝ անունը, իր առջեւ դրված տեքստից վարժ չէր կարողանում կարդալ, երբեմն-երբեմն էլ հուսահատ ձայնով հայցում էր Շարմազանովի ու Վահրամ Բաղդասարյանի օգնությունը։ «Հիմա իրենց ձայն տամ, չէ՞»,- շփոթահար հարցնում էր նա, երբ ելույթ էին խնդրում «Ելք»-ի պատգամավորները։ Ներկա-բացակայի ժամանակ Գալուստ Գրիգորիչը ոտքի չկանգնեց, այլ ձեռքով ողջունեց, բայց ամենաուժգին ծափահարությունները հենց նրանն էին։ Նրան երկրորդած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն էր։ Ի դեպ, Գրիգորիչը նստել էր Հասանովի ուղիղ դիմացը եւ հայացքն ակնհայտորեն փախցնում էր նախագահության օթյակից։ Սերժ Սարգսյանի ու կաթողիկոսի հեռանալուց քիչ հետո Գալուստ Գրիգորիչը եւս դուրս եկավ դահլիճից, իր թիկնազորի ուղեկցությամբ քայլեց դեպի ՀՀԿ խմբակցության աշխատասենյակ, որն իրենն էր մինչեւ ԱԺ նախագահ դառնալը, եւ մնաց այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ կսկսվեր ԱԺ նոր նախագահի ընտրությունը։ ԱԺ նախկին նախագահին ընտրության ուղեկցեցին ու նորից հետ տարան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մելիքյանը, որոնք թերեւս ստանձնել էին մաեստրոյին մխիթարելու առաքելությունը։

Պատգամավորները նաեւ երդվեցին։ Ուրախ մթնոլորտը շարունակվեց նաեւ պատգամավորների գրանցման ժամանակ, որը ոմանց համար լուրջ փորձություն դարձավ։ Մինչեւ որ ԱԺ քարտուղարությունը որոշեց գրանցումն ինքը կազմակերպել։ Խորհրդարանը երեկ ընտրեց հաշվիչ հանձնաժողով եւ ԱԺ նախագահ։ Թեկնածուները երկուսն էին՝ Արա Բաբլոյանն ու «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։ Ուշագրավ է, որ ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը» ոչ միայն թեկնածու չառաջադրեց, այլեւ քվեարկեց Բաբլոյանի օգտին, փակ քվեարկության արդյունքում ՀՀԿ-ի թեկնածուն ստացավ 88, իսկ 9 հոգանոց «Ելք»-ի թեկնածուն՝ 12 ձայն։ «ԾԴ» ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը մեր հարցին՝ տարօրինակ չի՞ համարում, որ իրեն ընդդիմություն հռչակած ամենամեծ խմբակցությունը թեկնածու չունի, պատասխանեց․ «Ոչ»։ Ապա բացատրեց, որ իրենք «ինքնանպատակ» առաջադրումներ չեն անում։ Այսօր ԱԺ-ն կշարունակի օրակարգի մյուս հարցերը։

ՀԳԲացակա պատգամավորներն էին «Ծառուկյան դաշինքից» Իշխան Զաքարյանը, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ ՀՀԿ-ից Մուրադ Մուրադյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X