Ընկեր Բաբլոյան, բա որ ծիտիկը թռչի․․․

Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց՝ զատի ես ձեր ուրախությունն եմ։ Ընդունենք, որ նա լրագրողների ուրախությունն է, ներկայացնում ենք նրա ամեն մի խոսքը հանրությանը, հանրությունն էլ «մի բոլ ծիծաղում է»։

Հետո՞․․․

Սարոյանի ասածի մեջ լրագրողներին բնորոշող մի բան կա՝ դուք ուզում եք ուրախանալ, ես էլ ձեզ ուրախացնում եմ։ Այդքանով նա ընդունելի է լրագրողների, հանրության համար։ Կարողանում է ստեղծել անկեղծ կապ, միաժամանակ լուսանցք թողնելով հարցի իրական պատասխանից խուսափելու համար։

Հանրության, լրագրողների ուրախությունն է նաև նաև Գալուստ Սահակյանն իր մարգարեական խոսքերով։ Ամեն մի արտահայտությունից հետո հասարակական «ղժժոցն անպակաս էր»։

Ասեմ, որ նման «պատրաստի կերպարներ» ունենալը իշխանության համար ուղղակի ձեռքբերում է։ Մարդիկ ուրախանում են նրանցով, քննարկումներ են ծավալում, մոռանում առօրյա գորշությունը, իրենց իրական հոգսը․․․ Եթե ուշադրություն դարձրել եք, շատերն են գրում՝ մեր ուրախությունը ետ բերեք։ Նկատի ունեն Գալուստ Սահակյանին։

Հուսադրեմ, որ Ազգային ժողովի նոր նախագահը իր արտահայտչամիջոցներով ոնց որ թե հետ չի մնում Գալուստ Սահակյանից։ Երեկվանից նրա արտահայտություններն արդեն թևավոր են դարձել ու շատ շուտով բժիշկ- ասույթաբան էլ կունենանք։

Սա յուրօրինակ պաշտպանական ռեակցիա է՝ հանրությունից պաշտպանվելու համար։ Հանրությունը ներողամիտ է իրեն ուրախացնողի հանդեպ։ Ահա թե ինչպես է բացատրում պատգամավորներին Ազգային ժողովի նոր նախագահը քվեարկելու կարգը։

«Մենք պետք է նշումն անենք գրված անունի աջ կողմը: Նորից եմ կրկնում կողմի պարագայում կողմ բառի կողքը աջից դնում ենք ծիտիկը, դեմի դեպքում աջ կողմը դնում ենք համապատասխան նշանը»

Այնպես է բացատրում, ասես դեմը նստած են «մանուկներ», ու ինքը ամենայն բարեխղճությամբ է մոտենում նրանց։ Այնպիսի զգացողություն ունեցա ծիտիկ բառից, ասես ինչ որ պատգամավոր պիտի հարցներ՝ ընկեր Բաբլոյան, բա որ ծիտիկը թռչի․․․

ՀԳ Տարիներ առաջ ամուսնալուծության մի դատի էի մասնակցում։ Կինը հոգեբույժ էր։ Ամուսինն ասում է՝ ինձ հետ այնպես է խոսում, կարծես իր գիժը լինեմ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X